Մի օր գյուղացին գա, ասի` «հողն ինձ պետք ա», գմբեթդ քանդի, ի՞նչ ես անելու․ Հակոբյանը ՈՄԱ֊ի մասին

Մի օր գյուղացին գա, ասի` «հողն ինձ պետք ա», գմբեթդ քանդի, ի՞նչ ես անելու․ Հակոբյանը ՈՄԱ֊ի մասին

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել: 

«ՈՄԱ»-ն հայտնում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, իսկ ՊՆ-ն MediaHub-ի հարցմանը պատասխանել է, որ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել։

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում «ՈՄԱ»-ն, ի՞նչ իրականության հետ ենք մենք առերեսվելու և արդյո՞ք «ՈՄԱ»-ին հասանելի են պետական պաշտպանական գաղտնիքները։ Այս հարցերին MediaHub-ի հետ զրույցում պատասխանեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

«Վովա Վարդանովի հետ զրուցել ենք բազմիցս, իր մասին վատ տպավորություններ չունեմ և այլ անդամների հետ նույնպես, բայց ես միշտ կրկնում եմ, որ այս ամենը պետք է պետությունը անի, քանի որ պետությունն անում է որակով և պետությունն ունի կազմակերպչական ռեսուրս։ Այստեղ ծագում է ամենակարևոր հարցը գմբեթների կառուցման հետ կապված։ Տիրապետո՞ւմ է ՈՄԱ-ն պետական գաղտնիքին և այդ գմբեթները, որ կառուցում են, ի՞նչ տարածքում են կառուցում։ Այստեղ ունենք երկու տարբերակ՝ այո, տիրապետում են պաշտպանական համակարգի գաղտնիքներին և տեղյակ են, քանի որ տեղյակ չլինելու դեպքում կպարզվի, որ անիմաստ վայրում գմբեթ է կառուցվել։ Եթե տեղյակ են, ինչո՞ւ են տեղյակ, քանի որ ՀԿ-ների մեջ կարող են թշնամու գործակալներ լինել և գաղտնիքը այդտեղից դուրս կգա և կհասնի Բաքու։ Երկրորդ տարբերակ՝ եթե տեղյակ չեն, ապա ի՞նչ են անում ընդհանրապես, ի՞նչ գործ ունեն այս ոլորտում։ Երկու դեպքում էլ ցավալի իրականությանն ենք առերեսվում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ռազմական փորձագետի խոսքով ՝ գուցե «ՈՄԱ» տղաները նեղանան, բայց նա ցավում է, որ այս ամենը պետությունը չի անում և թողնում ՀԿ-ների վրա։ ՀԿ-ի արածը չես կարող համեմատել պետության արածի հետ, շեշտեց նա, քանի որ ՀԿ-ն միշտ պետությանը պարտվում է։ Շատերն ասում են՝ «եթե պետությունը չի անում, բա ինչպե՞ս պաշտպանվել». այստեղ այլ խնդիր է առաջանում։ Պետք է այնպես գործել և պետությանը դրդել, որ ինքն անի այդ գործողությունները։

««ՈՄԱ»-ի հարցը շատ նուրբ է դրված, ոչ լավ և ոչ վատ։ Վատ է այնքանով, որ իրավիճակից ելնելով՝ մնացել ենք «ՈՄԱ»-յի հույսին։ ՊՆ-ն հայտնում է, որ գմբեթների հետ կապ չունի։ Արդյունավե՞տ են իսկապես այդ գմբեթները, բազմաթիվ հարցեր են ծագում։ Այդ ի՞նչ հողի վրա են սարքելու գմբեթները, ինչ-որ գյուղացու հողի վրա՞, որն իր սեփականությունն է։ Մի օր, որ գյուղացին գա, ասի՝ «հողն ինձ պետք ա», գմբեթդ քանդի, ի՞նչ ես անելու։ Մեր պետությունը դետալ-դետալ քանդվում է, պետական բացթողումները հասել են աբսուրդի։ Վիրավորական է անգամ, մենք հարկ ենք, չէ, մուծում, ՊՆ-ն իր ֆունկցիաները չի կատարում մի հատ էլ քո գրպանից փող ես դնում գմբեթ կառուցում, որ իրենք էլ Սնուփ Դոգի վրա 6 միլիոն փող ծախսեն։ Դե մեկին էլ իրավական ոլորտը տվեք, թող մասնավոր դետեկտիվ լինի ու անի այդ գործը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հակոբյանի խոսքով՝  որոշ ոլորտներ պետք է լինեն պետության բացարձակ մենաշնորհը, մասնավորապես պաշտպանության ոլորտը։ Այս համոզմունքը որևէ կապրիզի վրա չի հիմնավորված, այլ պարզ ճշմարտության։ Մարդկային մեծ խմբերի կազմակերպման ամենաարդյունավետ ձևը պետությունն է։

«Մարդկության փորձը բերել է նրան, որ խումբ կառավարելու ձևը չպետք է լինեն ՀԿ, գաղտնի գործակալներ, գաղտնի միավորումներ, այլ պետությունը, քանի որ պետությունն է կատարյալ հասարակական կազմակերպիչն ու սոցիալական կառավարիչը։ Պետությունը ոչ մի մրցակից չի կարող ունենալ հասարակական ոլորտում։ Գուցե մեկը հեգնելով ասի` «դե Հայաստանն ի՞նչ պետություն է որ», բայց մենք խոսում ենք պետություն տեսական երևույթի մասին, ոչ թե Հայաստանի, Ուգանդայի կամ ԱՄՆ-ի մասին»,- նշեց մեր զրուցակիցը։

Ռազմական փորձագետի խոսքով ՝ 1991թ-ին մենք ստեղծել ենք պետություն, և ՀՀ նախորդ նախագահները սերտորեն կապված էին պետական համակարգերի հետ, և հատկապես Սարգսյանն ու Քոչարյանը բավական բարձր էին գնահատում պետական արդյունավետ աշխատանքը․ «2018թ-ին, երբ մեր պետականության գլխին կանգնեց մի մարդ, ով իր ողջ կյանքում դուրս է եղել պետական համակարգից և մարդ, ով հասել է 40 տարեկանի և իր կյանքի գիտակցական մեծ մասը չի եղել համակարգի մեջ և իր մտածողությունն էլ տարածվեց պետական համակարգերի վրա, արդյունքում պետական համակարգերը ապակենտրոնացվեցին, և շատ ֆունկցիաներ պետական աչքաթող արեցին, ասելով, որ «դե ՀԿ-ները կանեն»։ Մարդիկ լրջորեն չէին պատկերացնում պետություն և պետական կառավարում հասկացությունները և ունեին ՀԿ-ական մտածողություն»։ 

«ՀԿ֊ական մտածողության վառ օրինակ է 2020թ-ի պատերազմը, երբ երկրի ղեկավարը մոբիլիզացիա հայտարարելու փոխարեն ասում էր՝ «խմբեր կազմեք և կասկաներ վերցրեք, գնացեք, սպանեք»։ Պատկերացնո՞ւմ եք, Ստալինը 1941թ-ին ասեր՝ «խմբեր կազմեք»։ Մեր պետական համակարգում այնպիսի մարդիկ են հավաքվել, որ երբ նայում ես ՀՀ Անվտանգության խորհրդին, տեսնում ես, որ պետական կառավարման փորձ չունեցող մարդիկ են: Միայն ոստիկանապետը գոնե կապ ունի այս համակարգի հետ։ Իրենք չեն կարողանում որակյալ աշխատել և ամենը թողնում են ՀԿ-ների վրա։ Արցախից բռնի տեղահանված անձանց հոգսերը ինչքա՞ն ՀԿ-ներ վերցրին իրենց վրա և փակեցին պետության թերությունները»,- ընդգծեց Հակոբյանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ չի կարելի ունենալ զուգահեռ կառավարում ոչ մի ոլորտում․ «Երբ պետական մարմինը, որպես կառույց պորտաբուծանում է, այսինքն` մտածում, որ, միևնույն է, իր գործը լավ անում են, «էլ ինչո՞ւ խառնվեմ»։ Եթե ՀԿ-ներում մոտիվացված, եռանդուն աշխատողներ են, իսկ պետական չինովնիկներն ուրբաթ երեկոյան աշխատասենյանի դուռը փակում և գնում են, էլ ի՞նչ ավելացնել այստեղ»։

Մարիա Զարգարյան