Աղազարյանը հայհոյել է, կարտոֆիլավաճառը՝ ձերբակալվել

Այսօր վաղ առավոտյան «կարտոֆիլային անձրև է» տեղացել Արաբկիր վարչական շրջանում: Ավելի կոնկրետ՝ հանրությանը որպես կարտոֆիլի շուկա հայտնի տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «մենամարտի է բռնվել կարտոֆիլի պարկերի հետ»։ 

Ականատեսների խոսքով՝ Աղազարյանը եկել, կանգնել է առևտրականի մեքենայի կողքին, ապա «փողոցային» բառապաշարով հայտարարել, որ պետք է դադարեցվի օրենքով արգելված փողոցային առևտուրը։ Ներկաները պատմում են՝ իշխանական պատգամավորը հունից դուրս է եկել և վեճի է բռնվել վաճառականի հետ այն պահին, երբ այդ ամենից հետո տղամարդը մոտեցել է իրեն ու հարցրել՝ հոպար ջան, ի՞նչ է եղել, ինչո՞վ օգնեմ։ Ապա սկսվել է փոխադարձ վիրավորանքների տարափը՝ թումանյանական տողերով. Է՜լ գող փիսո, է՜լ քաչալ շուն։ Հարցը հասել է իրավապահներին։ 

Մոտ 30 ոստիկաններ հինգ-վեց մեքենայով եկել ու բերման են ենթարկել կարտոֆիլ վաճառող 37-ամյա տղամարդուն, տարել են նաև նրա՝ բանջարեղենով բեռնված մեքենան։

ՔՊ-ական պատգամավորի քայլին տարածքի բնակիչները հակասական արձագանքներ են տալիս։

Մեկը բողոքում է, թե տարածքը վերածվել էր աղբանոցի, մյուսն էլ նշում՝ բա մարդիկ որտե՞ղ աշխատեն, ինչպե՞ս տուն պահեն։ 

Իսկ ի՞նքն ինչպես է մեկնաբանում սեփական քայլը։ Կիմանայինք, եթե Աղազարյանը MediaHub.am-ի նկատմամբ անձնական հակակրանքը (ասենք՝ փոխադարձ է) մի կողմ թողներ։ Ինչևէ. մեզ հարցազրույց չի տալիս իշխանական պատգամավորը, իսկ մեր գործընկերներին ասել է, թե իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առևտրականները և սկսվել է քաշքշոց։

Դեպքի առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել։ Պատգամավորը տուժող է ճանաչվել, իսկ կարտոֆիլ վաճառող անձը՝ ձերբակալվել։

Նարե Գնունի