Դավոյանը՝ Չերչիլի ստվերում

Դավոյանը՝ Չերչիլի ստվերում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։  «Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Արփի Դավոյանն է, ով իշխանության հերթական ներկայացուցիչն է, որ թիրախավորում է լրագրողներին ու ազատ խոսքը:

Դասականի ստվերում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով վարչությունում տեղի ունեցած ընտրություններին, որի արդյունքում քվեաթերթիկների սխալ հաշվարկ էր կատարվել, ապա՝ վերահաշվարկ, ինչպես նաև մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ նա է եղել ընտրությունների կազմակերպչական հարցերի պատասխանատուն, և ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, ասել է․

«Նման պնդումներ անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը, և դա իրավական հարթակն է։ Ինչպես ասում էր Ուինսթոն Չերչիլը՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես՝ տեղ չես հասնի»։

Ինչո՞ւ Դավոյանը հիշեց Չերչիլին Գաղտնիք չէ, որ միջակությունները դասականներին հիշում են անճարությունից ելնելով՝ իրենց այս կամ այն արարքն արդարացնելու կամ նույնիսկ՝ սեփական ճղճիմ վարքագիծն արդարացնելու նպատակով: Սա այդ դեպքն է: Արփի Դավթյանը փնթի ձևով թիրախավորել է լրագրողներին՝ թաքնվելով Չերչիլի թիկունքում: Սակայն ոչինչ ու ոչ ոք չի մոռացվելու, այդ թվում՝ Արփի Դավոյանը, ով հետևողականորեն պաշտպանել է Փաշինյանի բոլոր ավտորիտար նկրտումները:

Վահրամ Բագրատյան