ՔՊ-ականների համար ՀՀ-ի զիջումների «կարմիր գիծ» գոյություն չունի

ՔՊ-ականների համար ՀՀ-ի զիջումների «կարմիր գիծ» գոյություն չունի

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Ադրբեջանը շտապում է Հայաստանից կորզել նորանոր զիջումներ՝ օգտագործելով ՔՊ-ական իշխանությունների Արցախի հարցում որդեգրած կրավորական, հակասական և անողնաշար կեցվածքը: ՔՊ-ականների առաջնորդը մեկ հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչից հետո առաջարկում է արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի բանաձև, որը կգոհացնի Հայաստանին, Ադրբեջանին և արցախահայությանը: Բաքվի որդեգրած բանաձևը մեկն է՝ Արցախն առանց հայերի, իսկ Արցախի ողջ տարածքը՝ Ադրբեջանի կազմում առանց որևէ կարգավիճակի: ՔՊ-ականները միմյանց հերթ չտալով փորձում են ռազմահայրենասիրական ճառերով «պաշտպանել» Արցախը, իսկ իրական քաղաքականության մեջ՝ հանդիպում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ շփվելով միմյանց հասկանալի ադրբեջաներեն լեզվով:

ՀՀ գործող իշխանությունները տապալել են արցախյան բանակցային գործընթացը, ինչի վկայությունը 44-օրյա պատերազմի արդյունքներն են՝ հազարավոր զոհեր և Արցախի հանձնված քաղաքներն ու գյուղերը: ՔՊ-ականներն արցախյան հարցում իրենց տապալումը ցանկանում են քողարկել՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի միջոցով՝ պատերազմում կրած պարտության ողջ մեղքը բարդելով զինված ուժերի վրա՝ սլաքները Փաշինյանից և ՔՊ-ականներից դեպի հայոց բանակն ուղղելու համար:

ՀՀ քաղաքացիներին մոլորեցնելու համար ՔՊ-ականները առաջ են քաշել «խաղաղության դարաշրջան» տերմինը, որն իհարկե լավ է հնչում՝ բոլորն էլ ցանկանում են խաղաղություն, սակայն ՔՊ-ն լռում է, թե ինչի դիմաց և ինչ գնով, ինչ զիջումների հաշվին է հնարավոր ձեռք բերել այդ խաղաղությունը: Պաշտոնական Բաքուն պահանջում է ողջ Արցախը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու անկլավների վերադարձ՝ ՀՀ իշխանությունները քառ լռություն են պահպանում ստվերային բանակցությունների մասին՝նոր հայակործան պայմանագիր նախապատրաստելով հայ ժողովրդին թիկունքում:

Վահրամ Բագրատյան