Ինչով է պայմանավորված աջ կողքի ցավը և որ դեպքերում է այն ի հայտ գալիս

Ինչով է պայմանավորված աջ կողքի ցավը և որ դեպքերում է այն ի հայտ գալիս

Ցավի ցանկացած տեսակի դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար: Անկախ նրանից, թե մարմնի որ հատվածն է ցավում, միևնույն է առանց մասնագիտական գիտելիքների մարդը կարող է սխալ բնութագրություն տալ ցավին, ինչը կհանգեցնի անդառնալի հետևանքների:

էթիոլոգիա

Ցավերը կարող են վկայել տարբեր խնդիրների, վնասվածքների, քրոնիկ կամ սուր բորբոքային գործընթացների մասին: Մղկտուն ցավը կարող է պայմանավորված լինել ինչպես սուր բորբոքային գործընթացով, այնպես էլ հին վնասվածքներով (կրկնվող բորբոքային քրոնիկ գործընթաց):

Ցավի պատճառները

Աջ կողքի ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, կախված այն բանից, թե կոնկրետ որ հատվածում են նկատվում տհաճ զգացողությունները:

1.      Աջ կողքի վերին հատվածի ցավը շնչառական համակարգի խնդիրների նշան է, ինչպիսին են թոքերի բորբոքումը, թոքերի աբսցեսը, թոքամզի բորբոքումը (պլևրիտ): Այս դեպքում հիվանդի շնչառությունը դժվարանում է, իսկ կրծքավանդակի աջ կողմը՝ մեծանում: Հարկ է հիշել, որ նման խնդիրների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի օգնությանը:

2.      Մի փոքր ավելի ցածր՝ աջ կողոսկրերի հատվածում նկատվող ցավը վկայում է լյարդի կամ լեղապարկի վնասվածքների մասին: Այս խնդիրներն ախտորոշելն իրականում դժվար չէ, սակայն ամեն դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին: Ցավը սովորաբար լինում է մղկտուն, սակայն կծկումների նման: Որովայնում նկատվում է ծանրության զգացողություն, մշտական ցավ, իսկ հիվանդը ստիպված է լինում պառկել վնասված կողքի վրա: Լյարդի ու լեղապարկի վնասվածքների դեպքում ցավն ի հայտ է գալիս ճարպոտ, տապակած կամ մեծ քանակությամբ սնունդ ուտելու, ալկոհոլ օգտագործելու կամ քնելուց առաջ սնունդ օգտագործելու դեպքում: Կարող է փոփոխվել նաև մեզի գույնը: Արտաթորանքը դառնում է սպիտակ, իսկ մաշկն ու աչքերը դեղնավուն երանգ են ստանում:

3.      Եթե խնդիրը լեղապարկի կամ լեղածորանների մեջ է, ապա այդ հատվածում սեղմելիս կնկատվեն մղկտուն, սակայն կծկումների նման ցավեր, որոնք կարող են տարածվել նաև աջ թիակի, ձեռքի կամ ոտքի հատվածում:

4.      Նույն կողմում, սակայն մի փոքր դեպի ձախ գտնվում է ենթաստամոքսային գեղձը, որի հիվանդությունների դեպքում ցավը կարող է տարածվել աջ կողքի հատվածում:

5.      Կանանց մոտ աջ կողքի ցավերը հաճախ պայմանավորված են լինում ձվարանների բորբոքումով:

6.      Աղիների խոցային հիվանդությունը նույնպես երբեմն կարող է դրսևորվել աջ կողքի ցավերով:

7.      Շատ նիհար ու փոքրամարմին մարդկանց դեպքում աջ կողքի ցավը կարող է պայմանավորված լինել երիկամների իջեցմամբ: Սակայն երիկամների դիրքի փոփոխման հետ մեկտեղ ցավը կարող է փոխել իր բնույթը:

8.      Աջ կողքի ցավի ամենատարածված պատճառը որդանման ելունի բորբոքումն է: Այս դեպքում ցավը հիմնականում սուր է լինում և շատ ուժեղ, սակայն ոմանց մոտ այս խնդրի դեպքում ցավ կարող է ընդհանրապես չնկատվել: Որդանման ելունի բորբոքումն ախտորոշելը շատ հեշտ է, սակայն միայն մասնագիտական գիտելիքներին տիրապետելու դեպքում:

9.      Աջ կողքի ցավի պատճառներից ամենատհաճը միալգիան է՝ մկանացավը: Հնարավոր է հիվանդը պարզապես մրսել է, սակայն կարող է օպատահել նաև, որ ցավի պատճառը վնասվածքի հետևանքով սեղմված նյարդն է: