Լուսացույցերը չեն աշխատում, ո՞վ է պատասխանատու (լուսանկարներ)

Խցանումներ՝ վարորդի կամքից անկախ, չկարգավորվող երթևեկություն անգամ մայրաքաղաքի ամենաբանուկ խաչմերուկներում։ Պառճառը նույնն է՝ լուսացույցերը չեն աշխատում, իսկ թե ինչու՝ պարզ չէ։
MediaHub.am-ը մոտ երկու շաբաթ է՝ ահազանգեր է ստանում վարորդներից, որ այսքան խիտ երթևեկության պայմաններում իրենց համար հավելյալ խնդիր է առաջացել․ խցանումները մի կողմից, վթարային իրավիճակները՝ մյուս։ Իսկ պատճառը չաշխատող լուսացույցերն են:
Քաղաքացիներից մեկն, օրինակ, նշում է, որ Մոսկովյան-Թումանյան խաչմերուկում, առաջին լուսացույցը 9 վայրկյան հետ է երկրորդից, ժամանակը լրանալուց հետո լրիվ անջատվում է, շատերը մյուսին չնայելով, կանգնում են, ու խառնաշփոթ է առաջանում։ Նրա խոսքով՝ մեկ ամիս է, ինչ այս վիճակն է։
«Սմարթ Թրաֆիք» ընկերությունից MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ից այլևս իրենք չեն զբաղվում լուսացույցերի հարցով, հարցն արդեն Երևանի քաղաքապետարանի տիրապետության ներքո է։
Երևանի քաղաքապետարանից էլ վստահեցրին՝ խնդիրը տեխնիկական է, իրենք զբաղվում են՝ օր առաջ այն կարգավորելու համար։
«Մենք տեղյակ ենք խնդրին, ամեն ինչ արվում է, որ հարցն արագ կարգավորվի»,- մեզ հետ զրույցում ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։
Իսկ թե ինչու հանրությունը պատշաճ չի ծանուցվում, որ լուսացույցերը չեն աշխատելու, պատասխան չկա։
Նարե Գնունի