Ո՛չ մեր, ո՛չ էլ ադրբեջանցիների կողմից դիրքային առաջխաղացման փորձ չի եղել․ Սոթքի բնակիչ

Ո՛չ մեր, ո՛չ էլ ադրբեջանցիների կողմից դիրքային առաջխաղացման փորձ չի եղել․ Սոթքի բնակիչ

Վերջին կրակոցները մոտ 1 ժամ առաջ են եղել, գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն դիրքերի և հանքի ուղղությամբ են կրակել։ Հանքը չի աշխատում հիմա։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Գագիկ Ագանեսյանը՝ խոսելով գյուղում տիրող իրավիճակի մասին։

«Այս պահին մենք էլ գիտենք, որ չորս վիրավոր կա։ Չորրորդ վիրավորին դիրքերից իջեցնելու խնդիր էր առաջացել, շտապ օգնության մեքենայի վրա էին կրակում։ Հայկական կողմն այս պահին շատ մարտունակ է, պատրաստ ու ձիգ։ Դրա համար էլ, փառք Աստծո, զոհ չունենք ու վիրավորներն էլ քիչ են։ Հակառակորդը տեսել է, որ ուժերը հավասար չեն և դեռ մի բան էլ զիջում են մեզ, վախենում են ինչ-որ մասշտաբային գործողությունների գնալ, որովհետև մեր տղերքը շատ ձիգ են, ինչը չէի ասի մյուս դեպքերի մասին»,- ասաց նա։

Բնակչի խոսքով՝ ո՛չ մեր, ո՛չ էլ ադրբեջանցիների կողմից դիրքային առաջխաղացում չի գրանցվել, փորձ էլ չի եղել։ 

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում  հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Լիաննա Թորոսյան