ՔՊ-ականների մտածելակերպից դուրս են եկել բանականությունն ու գիտակցությունը, նրանք վերածվել են իրական ուսապարկերի․ Բոզոյան

ՔՊ-ականների մտածելակերպից դուրս են եկել բանականությունն ու գիտակցությունը, նրանք վերածվել են իրական ուսապարկերի․ Բոզոյան

Վերջին շրջանում ՀՀ իշխանության վարքագիծն էլ ավելի է սրում հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հայաստանյան իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով հակառուսական հայտարարություններին ու քայլերին։ 

Նրա խոսքով՝ բանականություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ կնշանակի, եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի անվտանգային հովանոցից։

«Հասկանալի է՝ այդ հովանոցը լավ չի աշխատում, միգուցե ծակ է, բայց, այնուամենայնիվ, այն ինչ-որ իմաստով հսկող դեր է կատարում։ Եթե ռուսական անվտանգային հովանոցից Հայաստանը հրաժարվի, ապա ես կարծում եմ՝ բաց կմնա մեր անվտանգային համակարգը և կառաջանա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի անվտանգության խնդիր»,- նշեց քաղաքագետը։

Բոզոյանի դիտարկմամբ՝ մեր իշխանության մոտ բացակայում է գիտակցությունը, որ Հայաստանն է արդեն մնալու առանց անվտանգային երաշխավորի։

«Ընդդիմությունը հանդես է գալիս հայտարարություններով, թե մենք Արցախն ենք կորցնում, իշխանությունը հակադարձում է, որ գոնե Հայաստանը կպահպանվի։ Բայց ոչ ոք չի հասկանում, որ այսպիսի քաղաքականության արդյունքում Հայաստանի պետականությունը կփլվի։ Այսինքն՝ շեշտադրում չկա, որ մենք պետականություն կորցնելու շեմին ենք»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականության դեպքում պատերազմը գալիս է շատ անսպասելի, և մեր հասարակությունը հաջորդ անգամ ուղղակի չի կարողանա դիմակայել այդ արհավիրքին։ 

«Շատ պարզ՝ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված։ Իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ականների հեգնանքին, ապա ես կարծում եմ՝ այդ մարդկանց մտածողությունից գիտակցությունն ու բանականությունը դուրս են բերվել։ Այդ մարդիկ բառի բուն իմաստով դարձել են ուսապարկ ու ուսապարկային պատկերացումներով են առաջնորդվում։ Նրանց սուբյեկտ համարել անգամ չի կարելի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է մեր իշխանությունների դեպի Արևմուտք թեքվելու մասին վկայող հայացքներին, ապա Երվանդ Բոզոյանը նկատեց՝ այս մարդիկ քայլերի հաջորդականությամբ կանխամտածված Հայաստանին տանում են դեպի պետականության կորուստ։ 

«Երկրորդական է՝ իրենք գիտակցո՞ւմ են իրենց արածի լրջությունը, թե՞՝ ոչ։ Եթե պետության գոյության խնդիրն է կասկածի տակ, փողոցային մտածողությամբ մարդիկ ի՞նչ կարող են անել»,- նշեց նա։

Ըստ Բոզոյանի՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն Հայաստանի ու Արցախի անվտանգությունը պահել։

«Աշխարհագրական դիրքը հաշվի առնել է պետք։ ԱՄՆ-ն ուր, մենք՝ ուր։ Անգամ ռազմական օգնություն հասցնելու հնարավորություն չկա։ Բանականություն ունեցող մարդը դա չի կարող չհասկանալ»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Նարե Գնունի