Հացի խնդիրը այսօր էլ փորձաքար է մեր հոգևոր և ֆիզիկական կյանքի համար․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:
Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:
Մայր Աթոռի միաբան, Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյան։
«Երկհազարամյա հեռավորությունից որքան քիչ բան է փոխվել Ավետարանի ժամանակների և մեր ներկայի միջև: Հացի խնդիրը այսօր էլ փորձաքար է մեր հոգևոր և ֆիզիկական, այսինքն ամբողջական կյանքի համար: Ինչն է ավելի սասանում մարդու հավատն իր Արարչի և գալիքի հանդեպ քաղցից, սովից ավելի:
Այսօր էլ գործում է Չարի նույն տրամաբանությունը, որ մեզ շարունակ ներշնչում է. միթե մարդկանց կերակրելու խնդիրը չէ գլխավոր և իրական չափանիշը, որով պետք է չափվի փրկությունը: Ինչ-որ մեկը իրավունք ունի իրեն փրկիչ կոչելու, եթե չի ապահովում այս չափանիշը:
Կոմունիզմը հենց այս գաղափարն էր դրել ժողովուրդների փրկության իր ծրագրի առանցքում հաստատելով, որ մարդու քաղցը պետք է հագեցվի անապատի քարերը հաց դարձնելու միջոցով: Սակայն Տերը մերժեց այդ գայթակղությունը, քանի որ նրա առաքելությունը մարդուն սննդի հոգսից ազատելը չէր:
Դա բնավ չի նշանակում, որ Տեր Հիսուս ժխտում է կյանքի նյութական արժեքը: Չէ՞ որ Տերունական աղոթքի մեջ հենց ինքն է մեզ ուսուցանում աղոթել «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր» բառերով: Հիսուս, որ իր աշակերտներին հորդորում է չմտահոգվել մարմնի համար, թե ինչ պետք է ուտել կամ հագնել, այնուհանդերձ մեզ հրավիրում է աղոթել մեր հացի համար:
Առանց սնվելու անհնար է ապրել: Ճիշտ է, մարդ չի կարող ապրել առանց հացի, բայց մարդ չի կարող ապրել միայն հացով: Հապա էլ ինչով կարող է մարդն ապրել, կհարցնենք շատերս: Հիսուս պատասխանում է. «Այն հացը, որ կյանք է տալիս, ես իսկ եմ, ով ուզում է այն, ինձ թող հետևի, և ով ինձ հետևի, իր հոգու սովը կանցնի և այլևս չի քաղցի ու ծարավի: Այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. Զ. 51-52):
Տեսեք քիչ հետո պիտի երգենք շարականի մեջ. «Մատիք առ Տեր և առեք զլոյս, ճաշակեցէք և տեսէք, զի քաղցր է»: