Խուճապային տրամադրություններ Հայաստանում․ ինչո՞ւ հասարակությունը չի հավատում կառավարությանը

Խուճապային տրամադրություններ Հայաստանում․ ինչո՞ւ հասարակությունը չի հավատում կառավարությանը

Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։

Ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության, որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ «Միության երկրները այս տարի արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի»,-հաղորդել է կառավարությունը։

Պաշտոնական Մոսկվայի այս լակոնիկ հաղորդագրությունը բավարար էր, որպեսզի Հայաստանում մարդիկ խանութներից զանգվածաբար պարենային ապրանքներ գնեն, հատկապես՝ ալյուր և ձեթ։

Հանուն արդարության նկատենք, որ այս պարագայում Հայաստանի կառավարության արձագանքը բավականին օպերատիվ էր։

Դեռ Մոսկվայից նոր էին խոսել սահմանափակումների մասին, երբ նախարարական կարգավիճակում իր վերջին հարցազրույցն էր տալիս հանրապետության 5-րդ նախագահ ընտրված Վահագն Խաչատրյանը։ «Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու»,- վստահ տոնով հայտարարեց նորընտիր նախագահը՝ ակնարկելով, որ կառավարությունում այս թեմայով մասնակցել է մասնագիտական քննարկումների։

Երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակը։ «Այս պահին հացահատիկի և շաքարավազի բավարար պաշարներ կան, դեֆիցիտ չի սպասվում»,- նշել էր նա։

Այսուհանդերձ, հասարակությունը թերահավատ է ու խուճապային տրամադրությունները շարունակվում են։

Սա, անշուշտ, ունի իր բացատրությունը։

Մի կողմից, գլոբալ միջազգային ճգնաժամը շարունակվում է, ինչն, իր հերթին, համաշխարհային գնաճի աննախադեպ ալիք է հարուցել, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության խոսքն ամբողջովին արժեզրկվել է։

Բոլորն են հիշում, թե ինչպես ԱԺ-կառավարության վերջին հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փրփրեց, երբ նրան հարց տվեցին կորսված տարածքների ու հացահատիկի թեմայով։ Ղեկավարները, որպես կանոն, հունից դուրս են գալիս, երբ չունեն ճգնաժամի հաղթահարման դեղատոմսեր։

Այնուամենայնիվ, գոյություն ունի պարենային անվտանգության խնդիր, որը քաղաքական ու մասնագիտական լուծումների դաշտում է։

Վահրամ Բագրատյան