Մի մանդատի պատմություն

Մոտ երկու ամիս ճաղերի ետևում գտնվող Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ ու ազատ արձակվեց:
Իհարկե, տեսականորեն գլխավոր դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրան նորից կալանավորելու միջորդությամբ։
Դժվար է ասել, թե իրավապահ մարմիններն ինչ որոշում կկայացնեն, սակայն այս պահին հարկ է անդրադառնալ օրակարգում գտնվող երկու քաղաքական շահարկումներին, ընդ որում՝ դրանք հակադիր են:
Երկրորդ նախագահի մրցակիցները պնդում են, թե խմբակցությունը վերածվել է Քոչարյանի անձնական օգտագործման խմբակի՝ վկայակոչելով այն փաստը, որ պատգամավորության երեք թեկնածուների ստիպել են ինքնաբացարկ հայտարարել՝ Լևոն Քոչարյանի համար ճանապարհ բացելու նպատակով:
Այս վարկածը, մեղմ ասած, չափազանցություն է՝ առնվազն այն պատճառով, որ մյուսները կարող են խոսել թիմային համերաշխության մասին, մանավանդ, որ այս դաշինքի ընտրական ցուցանիշներն, անկեղծ լինենք, պայմանավորված են Ռոբերտ Քոչարյանի գործոնով:
Մյուս կողմից, դժվար է հասկանալ մարդկանց, ովքեր Լևոն Քոչարյանի մանդատ ստանալը համարում են նրա առաջնորդության հնարավորություն: Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը գտնվում է տոտալ ճգնաժամի մեջ ու նրա շարքերից որևէ մեկը չի կարող ձգտել առաջնորդության, իսկ մանդատը կրտսեր Քոչարյանի համար արդեն ունեցել է իր միակ քաղաքական նշանակությունը՝ նա հայտնվել է ազատության մեջ: Այլ ֆունկցիան ու առաքելություն այս մանդատը չունի:
Վահրամ Բագրատյան