Երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել. Արարատ Միրզոյանը՝ Իսրայելի ԱԳ նախարարին

Երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել. Արարատ Միրզոյանը՝ Իսրայելի ԱԳ նախարարին

Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակները մատնանշվել էին բազմաթիվ կարևոր իրադարձություններով, և երկու ժողովուրդների միջև առկա ընդհանուր ներուժը դեռևս լիարժեք չի դրսևորվել։ Նա վստահություն է հայտնել, որ ապագա համագործակցությունը կլինի փոխադարձ վստահությամբ և հարգանքով։

Իր նամակում, Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը նշել է, որ իսրայելա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարելիցը նոր հնարավորություն է տալիս ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները և նայելու առաջ՝ համագործակության տարբեր ոլորտներում մեր միասնական նպատակներն իրականացնելու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարարը կարևորել է մեր երկու երկրների բաց և ուղիղ երկխոսության առկայությունը և վստահություն հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ ողջ ներուժն իրացնելու համար։