«ՍաԾի» բրենդը քաղցկեղի դեմ ժպիտով պայքարած աղջկա՝ Սաթենիկի նվիրումն է նույն հիվանդությամբ տառապող երեխաներին

«ՍաԾի» բրենդը ստեփանակերտցի Սաթենիկ Սաֆարյանի շարունակությունն է։ Քաղցկեղի դեմ ժպիտով պայքարող աղջկա կյանքն ընդհատվեց 2020-ի հունիսին։ Սաթենիկը հեռացավ կյանքից, բայց մոր՝ Նունե Սաֆարյանի նախաձեռնությամբ հիմնվեց «ՍաԾի» բրենդը, որի վաճառքից ստացված հասույթն օգնում է քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։
«Սաթենիկը պետք է դառնար ուռուցքաբան, օգներ քաղցկեղով հիվանդներին, փրկեր նրանց կյանքերը։ Բայց 25 տարեկանում ապագա բժշկից դարձավ հիվանդ ու մինչև կյանքի վերջին օրը քաղցկեղի դեմ պայքարեց իր համառ կամքով, իր ժպիտով։ Ամեն անգամ, երբ սպասում էինք անալիզների պատասխանին, ասում էի՝ «հույս ունենանք, որ այս անգամ լավ կլինի»։ Սաթն ասում էր՝ «մենք հույս չենք պահում, մամ, մենք պայքարում ենք»»,- հիշում է Նունեն։
Մոր խոսքով՝ Սաթին գիտակցում էր, թե ինչ է կատարվում իր հետ և ապրելու որքան ժամանակ ունի, նա ամեն տեղ փնտրում ու գտնում էր գեղեցիկը։ Սիրում էր լուսանկարել հիմնականում ջրի արտացոլանքներ, ծաղիկներ, փողոցներ, բնություն․․․Այդ կարճ ժամանակում այնքան գեղեցիկ կադրեր է անմահացրել, որ այդ նկարների հիման վրա ստեղծված «ՍաԾի» բրենդով այսօր շարունակվում է Սաթենիկի նվիրումը՝ քաղցկեղով տառապող երեխաներին։
«Նկարները դարձան վզնոցներ, տետրեր, ալբոմներ, սփռոցներ․․․ու հիմա վաճառքի ողջ հասույթը նվիրաբերում եմ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը հոգացող հիմնադրամին։ Սաթի խոսքը միշտ մտքիս մեջ է, որ պետք է շարունակենք պայքարել, օգնել երեխաներին։ Պիտի օգնեի այդ երեխաների մայրերին, որ չկորցնեն հավատը»։
Տեղահանությունից հետո ուսուցչուհի Նունե Սաֆարյանն աշխատանքի է անցել Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։
«Սա միակ վայրն է, որտեղ ինձ չեն խղճում, որտեղ բոլորս հասկանում ենք այդ ցավը՝ թե՛ բուժառուները, թե՛ ծնողները։ Այստեղ այն մթնոլորտն է, որն ինձ Սաթիս մասին է հիշեցնում, աշխատակիցներից յուրաքանչյուրի մեջ ես իմ աղջկա մի մասնիկն եմ գտնում»,- հավելեց նա։
«ՍաԾի» բրենդի արտադրանքն առայժմ իրացվում է օնլայն վաճառքով՝ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով։ Նունեն երազանք ունի հետագայում այն դարձնել մեծ խանութ։
Հունան Թադևոսյան