Հաղթանակներ, ձեռքբերումներ, երբեմն` հուսահատություն ու ափսոսանք․ սպորտային տարին՝ Կարեն Գիլոյանի հետ 

Հաղթանակներ, ձեռքբերումներ, երբեմն` հուսահատություն ու ափսոսանք․ սպորտային տարին՝ Կարեն Գիլոյանի հետ 

2023 թվականը Հայաստանի սպորտային կյանքում հագեցած էր․ հաղթանակներ, ձեռքբերումներ, երբեմն` հուսահատություն ու ափսոսանք։

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց՝ 2024-ը ավելի եռուն է լինելու։

«Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանում էր 2023 թվականին, եղավ տհաճ միջադեպ ու վերջ, մնացածն անցել է ամենաբարձր մակարդակով, նույնիսկ այդ միջադեպի առկայության դեպքում առաջնությունը գերազանց գնահատական է ստացել և սրանով պայմանավորված համագործակցության նոր ծրագրեր ենք մշակել»,-ներկայացրեց Գիլոյանը։

2023 թվականին նաև սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ, Գիլոյանի խոսքով՝ պատվով ենք ներկայացել. «Վստահաբար, 2023 թվականին փայլեցինք ծանրամարտում, որովհետև պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոսկե դուբլ արեց՝ նվաճելով Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների թիմային հաշվարկի չեմպիոնի կոչումը»։

Թերացումների մասին Գիլոյանն ափսոսանքով է խոսում, ասում է՝ որոշ մարզաձևերում այլ պատկեր կարող էինք ունենալ։ «Մենք մանրակրկիտ վերլուծում ենք և՛ լավ, և՛ վատ արդյունքները, որպեսզի լավի դեպքում շարունակենք զարգացնել, իսկ վատի դեպքում միջոցներ ձեռնարկենք»։

2023-ին հուսատվեցին հայկական ֆուտբոլի երկրպագուները և այն բացերը, որոնք առկա են հայկական ֆուտբոլում տարիների խնդիրներ են, թվում է՝ չեն էլ լուծվելու։ Փոխնախարարի դիտարկմամբ՝ ֆուտբոլում այլ հաշվարկներ, այլ մեթոդներ, այլ հարթություն է։

«Ֆուտբոլում ամեն ինչ շատ ավելի բարդ ու լայն մասշտաբների է, քան մյուս մարզաձևերում։ Կառավարությունը հիմա մեծ ծրագեր է իրականացնում, մարզադաշտերի, մարզաբազաների, ակադեմիաների կառուցման ծրագրերին է աջակցում և մենք հույս ունենք, որ դրանք կառուցելու դեպքում մարզերում ևս ենթակառուցվածքներ կունենանք։ Մարդիկ կկարողանան մարզիկներ կրթել, դաստիարակել, որից հետո էլ լավ ֆուտբոլ կունենանք։ Մայն Երևանով, մի քիչ Գյումրիով, հիմա արդեն մասնակիորեն Կապանով ֆուտբոլ չի լինի։ Պետք է ամբողջ հանրապետությունում զարգանա, որպեսզի կարողանանք խոսել լուրջ արդյունքների մասին»։

Ֆանտաստիկ էր տարին բռնցքամարտի համար․ Եվրոպայի երիտասարդների առաջնություն և Աշխարհի պատանիների առաջնություն։ Ճիշտ է՝ աշխարհի չեմպիոն չունեցանք, բայց մրցանակակիր ունեցանք։

«Մյուս տարիքային խմբերում էլ բավականին լավ արդյունքներ էին, մենք պետք է մտածենք բռնցքամարտի վարկանիշների մասին։ Երկու վարկանիշային մրցումներ են խաղարկվելու, հուսով եմ՝ Փարիզում 3-4 բռնցքամարտիկ կունենանք։ Ըմբշամարտում էլ 5 վարկանիշ ունենք, աշխարհի առաջնությունից էլ 5 մեդալ ենք բերել, կրկին հույսեր ենք կապում Փարիզի խաղերի հետ»։

Գիլոյանի խոսքով՝ այս պահին ավելի շատ պայքարում են 2025 թվականի սպորտային միջոցառումների համար։ «Մի քանի մարզաձևերից Եվրոպայի առաջնություններ ենք ուզում Հայաստան բերել, հիմա այս ամենն աշխատանքային փուլում է, երբ գործնական ու առարկայական փուլ մտնենք, անպայման կտեղեկացնենք: 2024 թվականին էլ բազմաթիվ միջազգային մրցումներ կկազմակերպենք, մասնավորապես, ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Երեւանում, բասկետբոլի Հայաստանի հավաքականը խաղալու է աշխարհի առաջնության ընտրական փուլում, երկու խաղ Երևանում կլինի։ Շատ մարզաձևեր հայտ են ներկայացրել, հնարավոր է, որ սամբոյի աշխարհի գավաթը կայանա Երևանում»։

Տարին օլիմպիական է լինելու և Հայաստանն արդեն սկսել է պատրաստվել նոր հաղթանակներին։ Գիլոյանը խաղաղության, սիրո ու մեծ հաղթանակների տարի մաղթեց բոլորիս։

Լիաննա Թորոսյան