Ինչ է առավոտյան Փաշինյանն անցնի, գիշերվա ժամին են շինաշխատանք անում ու մարդկանց քունը խանգարում

Պարոնյան փողոցում՝ Փաշինյանի երթևեկության հիմնական ճանապարհի հարակից տարածքում, շենք են կառուցում, որի շինարարական աշխատանքները գիշերվա ժամերին են իրականացվում։

Ըստ քաղաքացիների՝ դա արվում է, որ «թագավորական շարասյունն» անխոչընդոտ անցնի։  

«Ամբողջ գիշեր շըխկ ու թըխկ։ Մենք չենք կարողանում քնել, ուր մնաց երեխաները»,- նեղսրտում են քաղաքացիները։

Իսկ ինչո՞ւ են շինարարական աշխատանքներն իրականացվում գիշերվա ժամերին։ Կապալառու ընկերությունը պարզաբանում է՝ ամեն բան համաձայնեցված է քաղաքապետարանի հետ։ Քանի որ Պարոնյանն ամենաբանուկ փողոցներից մեկն է, որոշվել է ոչ պիկ ժամերին աշխատել։ Ըստ շինաշխանանքներ իրականացնող ընկերության ներկայացուցչի՝ մի քանի գիշեր են անհանգստություն պատճառել բնակիչներին, բայց այլ տարբերակ չկար։

Երևանի քաղաքապետարանից էլ պարզաբանում են․

«Գաղտնիք չէ, որ առավոտյան ժամերին մայրաքաղաքի փողոցներում երթևեկությունը բավական ծանրաբեռնված է: Հենց այդ նկատառումով, որպեսզի լրացուցիչ չծանրաբեռնվեն փողոցները, կապալառու կազմակերպությունները երբեմն ստիպված են նշված աշխատանքներն իրականացնել մինչև աշխատանքային օրվա սկիզբը: Արգելք, որպես այդպիսին չկա, ինչը որպես դրույթ ամրագրված է նաև շինարարական կազմակերպության պայմանագրում: Մենք հասկանում ենք, որ անհարմարություն ենք պատճառում տարածքի բնակիչներին, ինչի համար այսպես թե այնպես հայցում ենք ներողամտություն, բայց ավելի ուշ ժամերի տվյալ  գործընթացը ծավալելու դեպքում փողոցային ցանցի հավելյալ ծանրաբեռնվածությունից ավելի մեծ թվով քաղաքացիներ անհարմարություններ կզգան»։

Փաստորեն, ըստ պաշտոնական մեկնաբանության՝ վարորդներին անհանգստություն չպատճառելու համար են շինաշխատանքները գիշերվա ժամին իրականացնում, մինչդեռ քաղաքացիները վստահ են՝ ամեն ինչ արվում է, որ «աղան չբարկանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։