Պատերազմի մեծացող ռիսկը
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է նոր բախում՝ դեռևս տարեսկզբին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խումբը: Այս կազմակերպությունն աշխատում է պատերազմները կանխելու ուղղությամբ և զեկույցներ է ներկայացնում կոնֆլիկտների ու ենթադրյալ կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ:
Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ավելի է ամրապնդել դիրքերը, դրան է գումարվում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և Եվրոպայում գազի պահանջարկը:
Զեկույցում նշվում է, որ զուգահեռ՝ Հայաստանը զենքի ձեռքբերման խնդրի առջև է, քանի որ հիմնական մատակարար Ռուսաստանը պաշարների պակաս ունի՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:
Այս զեկույցի վերաբերյալ գնահատականները տարբեր եղան: Փորձագետներից ոմանք նրա գնահատականները համարեցին իրատեսական, մյուսները՝ չափազանցված:
Բայց երկու հանգամանք ստիպում են ավելի լուրջ վերաբերվել ՄԾԽ-ի հոռետեսական գնահատականներին:
Առաջինը՝ Փաշինյանի և Ալիևի վերջին ասուլիսներն են:
Փաշինյանը խոսում էր Բաքվի անընդհատ աճող ախորժակի մասին, իսկ Ալիևն, ըստ էության, ուլտիմատում է ներկայացրել Հայաստանին: «2023-ը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունն է Հայաստանի համար», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Մյուս հանգամանքը կապված է ուկրաինական պատերազմի հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի 2 միլիարդ 850 միլիոն դոլարի ռազմական օգնություն: ԱՄՆ եվրոպական դաշնակիցները հետևում են նրա օրինակին, Մոսկվան, իր հերթին, չի մեղմացնում իր հռետորաբանությունը:
Ուկրաինայում գարնան սկզբից պատերազմի նոր՝ աննախադեպ սաստկացում է սպասվում:
Շատ կարևոր է, որ այս երկու-երեք ամիսները կարողանանք օգտագործել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հասնելու համար:
Հետո ուշ է լինելու, աշխարհն ամբողջովին թաթախված է լինելու ուկրաինական սաստկացող պատերազմի հորձանուտում՝ մեզ՝ մեր խնդիրներով, մենակ թողնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Վահրամ Բագրատյան