Ինչ վտանգավոր հիվանդությունների մասին կարող են հուշել աչքերի տակ առավոտյան ի հայտ եկող այտուցները

Եթե առավոտյան աչքերի տակ այտուցների առկայությունը պարբարական բնույթ է կրում, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել հորմոնալ ֆոնի խանգարումներով ու երիկամների հետ կապված խնդիրներով, «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան։
Մասնագետի խոսքով՝ աչքերի տակ առաջացած այտուցները կարող են պայմանավորված լինել ոչ միայն ալկոհոլի չարաշահմամբ։ Երեկոյան ուշ ընթրելը ևս կարող է նման կերպ անդրադառնալ, քանի որ ուշ ընթրիքը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչի հետևանքով առավոտյան աչքերի տակ կարող են առաջանալ այտուցներ, որոնցից ազատվելը բավական դժվար կլինի։ Բացի այդ, այտուցները կարող են պայմանավորված լինել նաև վահանագեղձի հիվանդություններով։
«Հիպոթիրեոզի՝ վահանագեղձի աշխատանքի ակտիվության նվազման դեպքում ևս կարող է հեղուկ կուտակվել։ Ընդ որում՝ այտուցներ կարող են առաջանալ ոչ միայն դեմքի հատվածում, այլև ամբողջ մարմնի։ Այտուցվածությունը, մաշկի թուլությունը, ակտիվության նվազումն ու քաղցր մթերք ունելու ցանկությունը հիպոթիրեոզի հիմնական արտաքին դրսևորումներն են», - նշել է գինեկոլոգը։
Նա նաև հավելել է, որ աչքերի տակ «պարկերի» առաջացումը կարող է պայմանավորված լինել նաև սթրեսով ու քնի պակասով։ Բացի այդ, դեմքի մշտական այտուցվածության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու ստուգել երիկամների առողջությունը։