ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ չգոյություն․ նոր պատերազմի ռիսկ մեր տարածաշրջանում

ՄԽ համանախագահության ինստիտուցիոնալ չգոյություն․ նոր պատերազմի ռիսկ մեր տարածաշրջանում

Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը: Ադրբեջանական կրակոցները չեն լռում նաև Արցախի սահմանային գյուղերում։

Նույն օրը Բաքվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է խորհրդակցություն անցկացրել, հանձնարարել է համարժեք պատասխան տալ՝ «ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին»։ Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն կոշտ դիմակայության քաղաքականություն է վարում՝ զուգորդված տեղեկատվական պատերազմի բաղադրիչով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե «հայերն անկանոն կրակ են վարում»։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե երեկ առավոտյան հայկական զինված ուժերը կրակի տակ են պահել Նախիջևանի սահմանի իրենց դիրքերը, իսկ երեկ երեկոյան Աղդամի իրենց հենակետերն են թիրախավորվել։

Հայկական կողմից այս ամենը անվանում են ադրբեջանական հերթական կեղծիք, ապատեղեկատվություն։ Վերջին օրերի լարվածությունն ակնհայտորեն կապված է ուկրաինական ճգնաժամի հետ։ Կանխատեսելի էր, որ գլոբալ անվտանգության հարցում ճգնաժամը չի կարող սահմանափակվել միայն Ուկրաինայով ու տարածվելու է նաև այլ տարածաշրջաններ, մասնավորապես՝ Հարավային Կովկաս։

Ադրբեջանի պրոպագանդան ռուս- ուկրաինական պատերազմի օրերին բացահայտ դիրքավորվել է պաշտոնական Կիևի ճամբարում՝ այն հույսով, որ հակադրության հետևանքով Ռուսաստանի դիրքերի թուլացումը կբերի ուժերի հավասարակշռության խախտման նաև Հարավային Կովկասում, ինչը Ադրբեջանին թույլ կտա՝ կյանքի կոչել իր մաքսիմալիստական օրակարգը ու իր պայմաններով խաղաղության պայմանագիր թելադրել հայկական կողմին։

Իրավիճակին դրամատիզմ է հաղորդում նաև Ռուսաստանի ու կոլեկտիվ Արևմուտքի հարաբերություններում առաջացած աննախադեպ ճգնաժամը։ Երկու օր առաջ Ռուսաստանում հրապարակվեց ոչ բարեկամ երկրների ցանկը, որում ներառված են նաև ՄԽ համանախագահ երկու երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ «Սառը պատերազմի» տարիները հիշեցնող անտագոնիզմի պայմաններում դժվար է պատկերացնել, որ ՄԽ համանախագահության շրջանակներում կարող են արդյունավետ գործունեություն ծավալել Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ ՄԽ համանախագահությունը կանգնած է ինստիտուցիոնալ չգոյության անդունդի եզրին, ինչը ևս մեծացնում է  պատերազմի վերսկսման ռիսկերը։

Այս ամենի համատեքստում Հայաստանի իշխանությունից պահանջվում են ճշգրիտ քայլեր՝ նոր ռիսկերը չեզոքացնելու ու տարածաշրջանային ստատուս- քվոն պահպանելու ուղղությամբ։

Վահրամ Բագրատյան