Հերթը Արգիշտի Քյարամյանինն է, Ինչ մտադրություն ունեն Հռչակագրի հետ կապված․ Մամուլը՝ սուրճով

Հերթը Արգիշտի Քյարամյանինն է, Ինչ մտադրություն ունեն Հռչակագրի հետ կապված․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը:

Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ՝ երեկոյան՝ սկանդալից հետո, Արփի Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի վարքը քննարկելուն եւ պաշտոնանկության հարցը բարձրացնելուն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միեւնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում: Անդրանիկ Քոչարյանը համարում է, թե Արգիշտի Քյարամյանը տապալել է ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին նախաձեռնած իր լսումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մինասյանից եւ Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ:

Թորոսյանը, օգտվելով իրավիճակից, բարձրացրել է գլխավոր դատախազի դեմ ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտության հարցը»։

 

«Հրապարակը» գրում է․ Ժնեւում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել:

Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»:

Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բազմաթիվ անգամներ է արտահայտել իր «խոր անհամաձայնությունը» ՀՀ սահմանադրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրի եւ ՀՀ սահմանադրության բովանդակությունները նույնական չեն, եւ Մայր օրենքի մեջ արտահայտված են Անկախության հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ: Այսպիսով՝ թերեւս Հայաստանի վարչապետը ակնարկեց ՀՀ Անկախության հռչակագրի խմբագրման կամ փոփոխության իր մտադրության մասին։

Նախ, ընդգծենք, որ ՀՀ սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագիրը, փոփոխման ենթակա չէ։ ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը առաջինն էր ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին հայտնել, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Որեւէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, որովհետեւ Անկախության հռչակագրի կարգավիճակը լրիվ այլ է. այն վերիրավական փաստաթուղթ է, այն պետության հիմնադիր փաստաթուղթ է, պետության հիմքերի մասին է։ Անգամ եթե պետություններ ոչնչանան, ապա Հռչակագիրը կարող է հիմք ծառայել հետագայում նոր պետության ստեղծման համար»:

Հավանաբար հենց այս պատճառով էլ, հայրենի իշխանությունները լծվել են ոչ թե ՀՀ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործին, այլ այն ամբողջությամբ փոխելուն։

Սա, ի դեպ, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գլխավոր պայմանն է։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իր հերթին առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարության նախագիծ, որով անընդունելի է համարում ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները նսեմացնող ցանկացած փորձ։

Հայտարարության նախագծով դատապարտվում են Հայաստանի անկախության հռչակագիրը ստորադասելու գործողությունները։ Նախագծում նաեւ սահմանվում է՝ «Հայաստանի անկախության հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները գնահատվում են որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովման անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության հանդեպ առանձնապես ծանր հանցագործություն է»։

Մինչ ԱԺ օրակարգ կմտնի հայտարարության նախագիծը՝ «Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 17-ին լսումներ է կազմակերպել հայտարարության նախագծի վերաբերյալ, որին մասնակցելու են պատգամավորներ, իրավաբաններ, սահմանադրագետներ եւ այլ փորձագետներ:

«Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ՔՊ-ից որեւէ արձագանք չկա, չգիտեն՝ մասնակցելո՞ւ են լսումներին, թե՞ ոչ»։

 

«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։

«Զինծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն ստացան ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով եւ բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այսինքն՝ օրենքի կիրառումից օգտվել է նվազագույնը 25 անձ, բայց հնարավոր է, որ մասնակի ազատման հոդվածներից էլ են օգտվել։