Կպահպանվի՞ Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրությունը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի գալով. ովքե՞ր են հավանական թեկնածուները և ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխություններ սպասել առաջիկա ընտրություններից

Կպահպանվի՞ Ադրբեջանի և Թուրքիայի հետ եղբայրությունը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի գալով. ովքե՞ր են հավանական թեկնածուները և ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխություններ սպասել առաջիկա ընտրություններից

Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների նախաշեմին MediaHub.am-ը զրուցել է միջազգայնագետ Գոհար Հովհաննիսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ փոփոխություններ կարող են բերել այդ ընտրությունները, և ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ սպասել:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.


1. Սեպտեմբերի 5-ին Մեծ Բրիտանիայում կանցկացվեն ընտրություններ, ինչի արդյունքում կընտրվի նոր վարչապետ: Ովքե՞ր են հավանական թեկնածուները:

Մոտ 5 շաբաթից պարզ կդառնա, թե ով է ՄԲ հաջորդ վարչապետը: Նախ նշեմ, որ համազգային ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի լինելու, քանի որ սեպտեմբերի 5-ին Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուն միաժամանակ զբաղեցնելու է երկրի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնին: Մի քանի խոշոր սկանդալներից հետո, երբ Բորիս Ջոնսոնը իր թիմակիցների ճնշմամբ հուլիսի 7-ին հայտարարեց Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու  մասին (վարչապետի պաշտոնը խոստացավ լքել այն ժամանակ, երբ կուսակցությունը նոր առաջնորդ կունենա), խորհրդարանի 12 անդամներ հայտարարեցին, որ կմասնակցեն կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի ընտրությանը: 

Ընտրական գործընթացն ավելի լավ պատկերացնելու համար հակիրճ անդրադառնամ Կուսակցության ղեկավարի ընտրության կարգին. Այն իրականացվում է 2 փուլով՝ խորհրդարանի պահպանողական խմբակցության անդամների կողմից  2 թեկնածուի ընտրությամբ, ապա՝ եզրափակիչ անցած 2 թեկնածուների միջև ընտրությամբ՝ կուսակցության անդամների կողմից «մեկ անդամ՝ մեկ ձայն» սկզբունքով:

Այժմ, հինգ քվեարկություններից հետո, պայքարի եզրափակիչ փուլում են՝ Մեծ Բրիտանիայի նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունաքը և արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ովքեր մինչև օգոստոսի 31-ը քարոզարշավ կիրականացնեն՝ փորձելով շահել կուսակիցների աջակցությունը: Պահպանողական կուսակցության առաջնորդի և, ըստ էության, երկրի վարչապետի եզրափակիչ ընտրությունը կատարվելու է կուսակցության 200 հազար անդամի կողմից՝ փոստային քվեարկությամբ: Քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 5-կհայտարարվի հաղթողի անունը: Հաղթող թեկնածուն կձևավորի նոր կառավարություն և հնարավորություն կստանա արտահերթ ընտրություններ նշանակել։ Թե՛ հարցումները, թե՛ քվեարկության բոլոր փուլերը փաստում են, որ առաջատար թեկնածուն հնդկական ծագում ունեցող Սունաքն է, և չնայած, որ վերջինս էլ տարբեր առիթներով քննադատությունների է արժանացել, սակայն հանրային ընկալումներում, ի տարբերություն մրցակցի, ավելի վստահելի է և կոմպետենտ: 

 

2. Բորիս Ջոնսոնի կառավարման շրջանն աչքի ընկավ նոր զարգացումներով, Բրիտանիայի ու Եվրոպայի համար մի շարք նկատելի փոփոխություններով, որոնք էլ հանրային լայն շրջանակներում հիմք հանդիսացան լուրջ բողոքների: Որո՞նք էին այն հիմնական քայլերը, որ հանգեցրին Բ. Ջոնսոնի անձի և նրա կառավարման վերաբերյալ այսչափ դժգոհությունների և, ի վերջո, հրաժարականին:

Նախ՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 7 տարիների ընթացքում՝ Ջոնսոնը պահպանողականների երրորդ առաջնորդն է՝ ում սեփական կուսակցությունը ստիպեց հրաժարական տալ: Ընդ որում՝ բոլոր երեք առաջնորդների՝ Դեյվիդ Քեմերունի, Թերեզա Մեյի և Բորիս Ջոնսոնի հրաժարականների հիմքում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացն էր («Բրեքսիթի գործընթացը»), որը պայմանականորեն կարելի է բաժանել համապատասխանաբար երեք ճգնաժամային շրջանների՝ «մինչբրեքսիթյան, բրեքսիթյան և հետբրեքսիթյան»: 

Բորիս Ջոնսոնը 2019թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՄԲ-ն ԵՄ-ից դուրս բերելու «մանդատ ստացավ» և ի վերջո 2020թ. հունվարի 31-ին ԵՄ-ին անդամակցելուց գրեթե 50 տարի անց Բրեքսիթի գործարքը դարձավ իրականություն, որը հղի էր առևտրատնտեսական, արտաքին քաղաքական բազում մարտահրավերներով:

Ջոնսոնի կառավարման շրջանը աչքի է ընկել մի շարք սկանդալներով, դժգոհությունների ալիքով, ընդ որում՝ ոչ միայն հանրային լայն շրջանակների, այլև հենց իր թիմակիցների շրջանում, որը դրսևորվեց ավելի քան 50 նախարարների (առողջապահության, ֆինանսների, արդարադատության նախարարների, գանձապետարանի ղեկավարի և այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների) հրաժարականների հոսքով: Ջոնսոնի անձի և վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունը կարելի է պայմանավորել մի քանի գործոններով՝ կադրային սխալ քաղաքականություն, ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման անկարողություն, Հետբրեքսիթյան Բրիտանիայի իմիջի ամրապնդմանն ուղղված քաղաքական գաղափարախոսության և քայլերի ձախողում, Շոտլանդիայի խնդիր (ՄԲ-ից անկախանալու հանրաքվեի հարց) և այլն: Արդյունքում՝ Ջոնսոնի վարկանիշը հանրության շրջանում զգալիորեն նվազեց. YouGov ընկերության հուլիսի 6-ի հարցումների համաձայն՝ բնակչության 69%-ը կողմ է արտահայտվել Ջոնսոնի հրաժարականին, ընդ որում՝ որպես հիասթափության և անվստահության հիմանական պատճառ նշվել է՝ վարչապետի անտարբերությունը և ոչ կոմպետենտությունը բազմաթիվ հարցերում, խիստ լոքդաունի պայմաններում կառավարության անդամների կողմից Դաունինգ Սթրիթում կազմակերպված  խնջույքը՝ վարչապետի ծննդյան կապակցությամբ, ինչպես նաև՝ Ջոնսոնի կողմից Համայնքների պալատում Պահպանողական կուսակցության ղեկավարի տեղակալ Քրիս Փինչերի նշանակումը, ով նախկինում մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ: 

 

3. Նոր վարչապետի ընտրությունը կբերի նաև նոր օրակարգ: Սպասե՞լ քաղաքական կուրսի լուրջ փոփոխություններ, որոնք կհանգեցնեն նաև աշխարհաքաղաքական հայեցակարգերի վերանայման:

Անկախ այն հանգամանքից, թե ով կհաղթի Պահպանողական կուսակցության առաջնորդի/երկրի վարչապետի եզրափակիչ ընտրությունում՝ օրակարգում լինելու են դեռ նախորդ ղեկավարի օրոք երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին սպեկտրում: Պահպանողական կուսակցությունը «Բրեքսիթի գործընթացի» ավարտից հետո ունի որդեգրված հստակ արտաքին քաղաքական գիծ, որով շարունակելու է առաջնորդվել: Վերջինս կշարունակի ԵՄ-ի հետ բանակցություններին զուգահեռ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերություններ ակտիվացնել՝ իրավապայմանագրային բազայի թարմացմամբ: 

Աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների ֆոնին կարևոր եմ համարում անդրադառնալ նաև Ուկրաինական կոնֆլիկտին թեկնածուների դիրքավորմանը: Այս հարցում, կարծես թե, տարակարծություններ չկան. հաղթանակի հավակնող թեկնածուների հայացքները համընկնում են ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի հարցում: Ռուսաստանից զատ՝ վարչապետի պաշտոնին հավակնող երկու թեկնածուներն էլ գլոբալ անվտանգության սպառնալիք են դիտում Չինաստանի կողմից վարվող քաղաքականությունը, Ռուսաստան-Չինաստան համագործակցությունը: Ուստի առաջիկայում էլ կարելի է կանխատեսել, որ ՄԲ-ն շարունակելու է վարել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության լծակները զսպելու քաղաքականություն բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ վերջիններս ներկայություն ունեն: Իբրև նոր քաղաքական կուրսի որդեգրում՝ ականատես կլինենք այդ թվում ՄԲ կողմից ջանքերի գործադրման՝ հասնելու առավել անկախ Եվրոպական քաղաքականության: 

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին՝ ապա նոր կառավարությունը կանգնելու է այնպիսի քաղաքական խնդիրների առջև, ինչպիսիք են՝ աճող գնաճը, հարկումների հետ կապված հարցերը, Համայնքների պալատում համեմատաբար դիրքերը բարելաված  Լեյբորիստական կուսակցության և Շոտլանդիայի Ազգային կուսակցության կողմից Շոտլանդիայի անկախության հանրաքվե անցկացնելու փորձերը, որից այդքան խուսափում է ՄԲ-ն: 

Բացի այդ, օրակարգային հարցերի թվում առաջնային կլինի ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը, վերջին տասնամյակներում Բրիտանիան բախվել է ամենակոշտ ֆինանսական ճնշմանը գազի և վառելիքի գների կտրուկ աճի ֆոնին, որը հատկապես սրվեց Ուկրաինայում պատերազմով: 

 

4. Հայ-բրիտանական հարաբերությունների մակարդակի ու բնույթի վրա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընտրությունը։

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ ՄԲ-ի հարավկովկասյան քաղաքականության մեջ Հայաստանը երբեք էլ որպես այդպիսին առանցքային դերակատար չի եղել: Հայաստանի հետ հարաբերություններում առավել գերակա է եղել տնտեսական բաղադրիչը, աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը, ուստի առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում  հայ-բրիտանական հարաբերություններում գլոբալ տեղաշարժեր ակնկալել պետք չէ: 

Բրիտանիայի գլխավոր գործընկերները տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան  են, ուր տարբեր  ոլորտներում ներդրումների ծավալով Բրիտանիան առաջատար է, և վերջինիս շահերն ու քաղաքական ազդեցությունը այդ երկրներում անհամեմատ բարձր մակարդակում է: Բրիտանիայի ռազմական և տնտեսական ներկայությունը հետխորհրդային երկրներում առհասարակ պետք է դիտարկել Ռուսաստանի էքսպանսիայի զսպման տրամաբանության մեջ: Այս համատեքստում, չի բացառվում որ ՄԲ-ն փորձի ակտիվանալ մեր տարածաշրջանում, միգուցե «Թուրքիայի ձեռամբ»՝ թուլացնելու հետպատերազմյան շրջանում Ռուսաստանի վերականգնած առաջնորդությունը Հարավային Կովկասում, հատկապես ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում: 

 

Զրուցեց Ռեբեկա Հովհաննիսյանը