«Փաշինյանից հիասթափված ենք, «Մարտի 1»-ը բացահայտված չի»․ զոհվածի քույր

Այսօր մարտի 1-ն է, ևս մեկ օր օրացույցում, որ ներկվեց արյունով. 2008 թվականի փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ՀՀ ընդդիմությունը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ հավաքներ և ցույցեր էր կազմակերպում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: 2008 թվականի մարտի 1-ին դրանք վերածվեցին զանգվածային անկարգությունների, որի արդյունքում 10 մարդ զոհվեց, ավելի քան 200-ը՝ վիրավորվեց։
Փաշինյանը, որ մասնակցել է այդ հավաքներին, եղել այդ իրադարձությունների գլխավոր դերակատարներից մեկը, և որը իշխանության եկավ մարտի 1-իր իրադարձությունները բացահայտելու խոստումով և այս տարիներին բազմաթիվ անգամներ իրարամեժ հայտարարություններ արեց այս թեմայի շուրջ, հայտարարեց. «Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Վերջին շրջանում տեղի է ունեցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, և այդ հարցով զբաղվելը լինելու է կարևոր խնդիր, որը առաջադրել եմ»։
MediaHub-ն այսօր կապ հաստատեց մարտի 1–ին զոհվածներից մեկի հարազատի հետ, ում ընտանիքը հիասթափված է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններից։
«Իմ քեռու տղան է զոհվել մարտի 1–ին, ներկա իշխանությունից հատկապես ենք հիասթափված, քանի որ իրենք խոստացել են, որ կբացահայտվի «Մարտի 1»–ի գործը, բայց առ այսօր ոչինչ ակնհայտ չի, մեր զավակները դարձել են ուղղակի մարտի 1–ի քաղաքական իրադարձությունների զոհը»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Արմինեն։
Զոհվածի քրոջ խոսքով՝ ավելի շատ մեղավորն այն անձն է, ով ամենաշատն է գոռում «Մարտի 1»-ի բացահայտման մասին, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։
«Այժմ Նիկոլ Փաշինյանն իշխանության է և չի կարող ինքն իրեն մեղադրի, քանի որ այդ մարդիկ Փաշինյանի հրահանգով էին հայտնվել իրադարձությունների էպիկենտրոնում, սակայն, Փաշինյանը մեղադրում էր նախկին ղեկավարներին, թե՝ իրենք են կազմակերպել և սպանել 10 մարդու, բայց արդեն տարիներ են անցել, իսկ Փաշինյանն եկել է իշխանության, մարդիկ ուրախացել են՝ ընտրել են իրեն, որ բացահայտի «Մարտի 1»-ը և այլ հանցագործություններ։ Բայց նա եկավ իշխանության, ոչինչ չի արել, չի բացահայտվել ոչինչ, և ակնհայտ է, որ Փաշինյանն է հրահրել այդ իրադարձությունները, որոնք դարձել են այդ մարդկանց մահվան պատճառը»,- նշեց մեր զրուցակիցը։
17 տարի անց իրադարձությունների մասնակիցներն իրենք իրենց են մեղադրում, ըստ մեր զրուցակցի, որ հավատացել են Փաշինյանին, հավատացել են Լևոն Տեր-Պետրոսյանին, և մյուս քաղաքական վերադասավորումների հեղինակներին՝ դուրս են եկել փողոց, և այդ ամենը հանգեցրել է 10 մարդու մահվան։
«Ինքներս մեզ ենք մեղադրում, չե՛նք հավատում Փաշինյանին: Իշխանությանը խաբելով եկավ Փաշինյանը, առ այսօր ոչինչ չի բացահայտել, «Մարտի 1»–ն իրենց համար եղել է նախընտրական ծրագրի խաղաթուղթ։ 17 տարի է անցել, բայց մեր վերքերը թարմ են, շարունակում ենք ապրել ոչ մեկին չհավատալով»,– հավելեց նա։
Մարիաննա Արամյան