«Գերազանց» հանդիպման կարևոր մանրամասներ․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

«Գերազանց» հանդիպման կարևոր մանրամասներ․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Գերազանց և շատ արդյունավետ». - այսպես է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր միջնորդությամբ ու մասնակցությամբ ժամեր առաջ Բրյուսելում ավարտված Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություններ են տարածել թե պաշտոնական Երևանը և թե Միշելը։ Հայտարարությունների բովանդակությունը հիմնականում նույնն է։


Ի՞նչ սկզբունքային համաձայնությունների են հանգել կողմերը։ Ըստ ամենայնի՝ անդրադարձ է կատարվել Արցախում վերջին շաբաթների լարվածությանը։ «Քննարկել են վերջերս Արցախում լարված իրադրությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է Միշելի տարածած հայտարարության տեքստում։
Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։

Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և արագ լուծում տալ բոլոր հումանիտար խնդիրներին, ներառյալ գերության մեջ պահվող անձանց և անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: Կարող ենք ենթադրել, որ Միշել- Փաշինյան- Ալիև նախորդ հանդիպման օրինակով՝ հայրենիք կվերադառնան որոշակի թվով ռազմագերիներ։
Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, ցանկանում են արագ տեմպերով շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։ Պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երևանի առաջարկություններով։ Ամեն դեպքում` Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Հայտարարությունում նաև ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան և այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել համատեղ հանձնաժողով, որի մանդատը լինելու է՝ սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը և ապահովել կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում: Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին` թեեւ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։

Քննարկվել է նաև կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, սակայն այս հացում, դատելով հայտարարությունից, էական առաջընթաց չկա։ Բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է այն հանգամանքի արձանագրումը, որ առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման։

Վահրամ Բագրատյան