Ամեն մարդ իր փչացածության չափով է խոսում․ Հովիկ Աղազարյան
Սկանդալի մեջ հայտնված ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը շարունակում է պնդել, թե իր ֆեյսբուքյան էջից այլ անձինք են մտել ու սեռական բնույթի հայհոյանքներ գրել քաղաքացիներին։
«Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»,- արձագանքում է Աղազարյանը՝ ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե մարդիկ մտածում են, որ հենց ինքն է գրել։
Իրավապահ մարմիններին չի դիմելու, որ հասկանան՝ ո՞վ է մտել իր «մեսենջեր». ըստ նրա, դա հիմարություն է, որի համար չի կարելի ծանրաբեռնել իրավապահ մարմիններին։
Աղազարյանի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ վերջինս ներողություն խնդրեց միջազգային հանրությունից՝ Ադրբեջանի դրոշը այրած Արամ Նիկոլյանի արարքի համար։
«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։
Ամոթ ինձ»,- գրել էր ՔՊ-ականը։
Իսկ Հովիկ Աղազարյանին արդյո՞ք մտահոգում է, որ միջազգային հանրությունը համարժեք պատասխան չի տալիս, երբ հայ զինվորներ են զոհվում ադրբեջանական զինյալների կրակոցներից. հարցին պատգամավորն այսպես է արձագանքում․
«էդ գնահատականը վերաբերում է բոլորին, բոլորին, բոլորին»։
Մանրամասն՝ տեսանյութում։