Ո՞վ է հաջորդ թիրախը, Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․
Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։ Բաբայանը տվել է այն մարդու անունը, որն իր եւ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջեւ միջնորդի դեր է ստանձնել, փաստաթղթերն ինչ-որ պարբերականությամբ տարել է Կարմիր Շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա իրենցը վերցրել:
Խոսքն արցախցի Ռազմիկ Աղասյանի մասին է՝ միջին տարիքի մի տղամարդ, որի մասին շատ բան հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ նա երկարատեւ կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, հակառակ դեպքում նրան չէին վստահի։ Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի` Բաբայանի միջնորդ Ռազմիկ Աղասյանի վրա։ Ի դեպ, պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է:
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը:
Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու:
Բանն այն է, որ մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար, ընդ որում՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ հիմա շարունակում է «փախած» մնալ՝ ՀՀ-ից դուրս է: Հիմա դրանով մենք «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»:
Ու չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» հաջորդը հրաժարական տա Ամբակում Գրիգորյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Քոչարյանն է հանձնարարել Արփի Դավոյանին նախաձեռնել Գրիգոր Մինասյանի հրաժարականի ստորագրահավաքը խմբակցության ներսում, որն էլ իր ընկերուհի Լուսինե Բադալյանի հետ սկսել էր այն:
Արդյունքում, Գրիգոր Մինասյանը, չսպասելով պրոցեսների զարգացմանը, երեկ ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ»:
«Հրապարակը» գրում է․
Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ-ի հաջորդ թիրախը հնարավոր է դառնան Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը եւ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Հատկապես Քյարամյանի նկատմամբ ՔՊ-ում աննկարագրելի հակակրանք ունեն ու կարծում են, որ պաշտոնն օգտագործում է բացառապես անձնական շահերի համար։
ՔՊ-ի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախաձեռնությունը նույն պատգամավորների խմբինն է լինելու։ Առայժմ դոսիեներ հավաքելու փուլն է, ինչպես արել են Գրիգոր Մինասյանի դեպքում: Այս հարցում էլ ՔՊ-ականների հույսն ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է, որը պաշտոնի սրընթաց աճ ունեցավ՝ շնորհիվ Փաշինյանին մատուցած անուրանալի ծառայությունների, եւ հիմա էլ ԱԱԾ տնօրենի կամ ՔԿ նախագահի պաշտոնին է ձգտում։ Իսկ Վահե Ղազարյանին ՔՊ-ում համարում են ոչ կոմպետենտ, թույլ պաշտոնյա, որը կառույցը «բրախել» է եւ ստվերային կառավարման հանձնել սորոսականներին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը։