Գուրգեն Արսենյանը տագնապ է զգացել, Արփի Դավոյանի պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան. Մամուլը՝ սուրճով

Գուրգեն Արսենյանը տագնապ է զգացել, Արփի Դավոյանի պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:

Դեռեւս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է ։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի՝ հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ստորեւ՝ Գուրգեն Արսենյանի ցուցմունքը. «Որքանով հիշում եմ՝ 2020 թվականի փետրվարի 20-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ստացել եմ հաղորդագրություն ինչ-որ «ֆեյք» էջից, որում, մասնավորապես, ասվում էր. «Հը՞ն, ո՞նց էր, պայթյունը դուրդ եկա՞վ…..»: Ես ուշադրություն չեմ դարձրել այդ հաղորդագրությանը եւ արգելափակել եմ այդ էջը, դրանից հետո՝ փետրվարի 22-ի երեկոյան, գնացել եմ Գյուլբենկյան 33 հասցեի գրասենյակային տարածք եւ այնտեղ տեսել եմ պայթուցիչի գլանակներ, մանեկներ, էլէկտրոնային ժամացույցի մեխանիզմ: Հարցրել եմ, թե դա ինչ է, գրասենյակի աշխատակից Սերգեյ Կարապետյանը ասել է, որ այն երկու օր առաջ է գտել գրասենյակի դիմացի ծառի տակից, բերել է գրասենյակ ու սկսել է քանդել: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա պայթուցիկ սարք է, ու անմիջապես զանգեցի, հրահանգեցի, որ այդ մասին հայտնեն իրավապահներին:

ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին:

ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ եւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես եւ Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8_րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբեւէ չեն կատարվել:»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։ Իրականում ինքն է որոշելու, թե ում է նշանակելու, պարզապես դա կուսակցական ընտրության շղարշի տակ է ուզում ներկայացնել: Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։ Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, եւս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։

Ի դե, տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ առաջիկա թեկնածուները կարող են կուսակցական չլինել, հակառակ դեպքում, հնարավոր է չկարողանան ընտրություն կատարել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները դատարանների միջոցով փորձում են արդարադատության «հասնել» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը:

Վճիռների պատկերն այսպիսին է.

«ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 601 հազար դրամ

«Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար

«Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ

Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձեւավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» եւ հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը եւս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում:

«Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։

Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. 

Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։

Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։ ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան: