Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին ժամը 14:30-ին Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին հայտնում են պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արմեն Մաշինյանը։

Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։

«Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն պրոդյուսեր Արմեն Գրգորյանի ձերբակալության մասին. «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Արարատյան դաշտի եւ Շիրակի մարզի գնակիչների կեսին անվանել էր «թուրքի եթիմ»: