ՊՎԾ-ի «խորհրդավոր» լռությունը

ՊՎԾ-ի «խորհրդավոր» լռությունը

Պետական վերահսկողական ծառայությունը հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանում սկսած ուսումնասիրությունների արդյունքներից։ 

Քաղաքապետարանում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ անցկացնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 29-ին։ 

Հայաստանի վարչապետին ենթարկվող կառույցն ուսումնասիրությունները սկսել էր իրականացնել Հայկ Մարությանի՝ քաղաքապետի պաշտոնից հեռացվելուց հետո։ Իշխող ուժի նախաձեռնությամբ սկսված պաշտոնանկության գործընթացը Մարությանն իր դեկտեմբերի 22-ի ելույթում որակել էր որպես հեղաշրջում և քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունը։

Հենց այս ելույթից հետո էլ ՊՎԾ-ն տվել էր ստուգումների մեկնարկը։

Ըստ ամենայնի, դա Մարությանի ելույթի «հայելային» պատասխանն էր ու հիմա, երբ ստուգման արդյունքները չեն հրապարակվում, կարելի է հանգել մի քանի եզրակացությունների։

Հայկ Մարությանը՝ չնայած սեփական խոստումներին ու որոշակի սպասումներին, այդպես էլ ակտիվ քաղաքականություն չմտավ։ Համենայն դեպս, անցած երկու ամիսների ընթացքում Երևանի նախկին քաղաքապետի կողմից չենք լսել հրապարակային որևէ հայտարարություն, չի անոնսավորվել որևէ նախաձեռնության մասին, որը կարող էր հուշել, թե Մարությանը մտադիր է մնալ հանրային- քաղաքական կյանքում։ Ըստ այդմ, չբացառենք, որ իշխանության զգուշացումը տեղ է հասել ու Մարությանի հետ կուլիսային պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նրա քաղաքական «չեզոքության» մասին կամ Մարուքյանն ինքն է եկել նման լուծման՝ որոշելով մնալ «շառից ու փորձանքից հեռու»։

Իհարկե, գոյություն ունի այլ վարկած ևս։

Չի բացառվում, որ ՊՎԾ-ն չի գտել հրապարակման ենթակա որևէ լուրջ փաստ։ Եթե ճիշտ է այս վարկածը, ապա պետք է սպասել Մարությանի «հակագրոհին»։

Որն էլ լինի ճշմարտությունը, փաստ է՝ Մարությանը հասարակության մի մասին հետաքրքիր էր, քանի դեռ քաղաքապետ էր։ Նրա երկարատև «լռությունը» Մարությանին մոռացության է մատնում։ Գուցե այս պատճառով էլ ՊՎԾ-ն «մոռացել» է իր ստուգումների մասին։

Վահրամ Բագրատյան