Մեծ հաղթանակի 80-րդ տարեդարձը կարևոր հանգրվան է՝ բարձրացնելու Արցախում հուշարձանների վանդալիզմի մասին

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը մեկնարկում է հրապարակումների շարք, որը նվիրված է Արցախում՝ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների, խորհրդանիշների և թանգարանների ոչնչացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը։
«Հիմնական նպատակն այն է, որ հրապարակումների միջոցով Խորհրդային ժամանակահատվածից սկսած և մինչ օրս շարունակվող, Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրների, թանգարանների և խորհրդանիշների նկատմամբ Ադրբեջանի մշակութային վանդալիզմի, ցեղասպանության դրսևորումներին անդրադառնալն է, դրանք կանխելը»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց գրասենյակի ղեկավար Հովիկ Ավանեսովը։
Նախաձեռնող խումբն ունի փաստագրական տվյալներ, որոնք արվել են արբանյակային մոնիթորինգի և ադրբեջանցիների կողմից հրապարակված տեսանյութերի միջոցով։ Պարզվել է, որ Արցախում ոչնչացվում են ոչ միայն արցախյան պատերազմների հերոսների և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, այլև դրանց կողքին գտնվող Մեծ հայրենականի հուշահամալիրները, որոնց փոխարեն կառուցվում են օժանդակ շինություններ։
«Դրանց մեկ առ մեկ անդրադառնալու ենք։ Դրան զուգահեռ նաև իրավական բաղադրիչ կլինի` հիմք ընդունելով միջազգային կոնվենցիաներն ու ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածները, որտեղ հստակորեն արձանագրվում է, որ հայրենական պատերազմի հիշատակին նվիրված հուշարձանների և համալիրների ոչնչացումը նաև Ռուսաստանի սահմաններից դուրս համարվում է քրեական հանցագործություն»,- ընդգծեց մեր զրուցակիցը` նշելով, որ Մեծ հաղաթանակի 80-րդ տարեդարձը կարևոր հանգրվան է բարձրացնելու այս թեմաները։
Նշենք, որ այսօր մամուլը գրեց, որ ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդում տեղադրված, Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Գյուղը 2022 թ. մարտի 14-ից գտնվում է թշնամու դիտարկման ներքո:
Հունան Թադևոսյան