Թշնամին չի փոխելու քաղաքականությունը, խաղաղությունն ընդամենը շղարշ է․ Թաթոյան

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության որևէ օրակարգ։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ 

Նրա խոսքով՝ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց ակնհայտ է, որ թշնամին դրա նպատակը չունի, հակառակը, շարունակում է իր քաղաքականությունը։ 

«Տեսեք, երեկ քարտեզներ էին հրապարակում, թվում էր, թե ցնդաբանություն է, բայց դա իրենց պետական քաղաքականությունն է։ Սա նրանց հիմնարար պետական քաղաքականությունն է։ Իրենք խաղաղասեր են ձևանում՝ աշխարհի աչքին շղարշ գցելու համար, իսկ մենք ի՞նչ ենք անում։ Երբ չենք արձանագրում խախտումները, ցույց չենք տալիս թշնամանքը, պարզ է, որ նրանք բարենպաստ դիրքերում են հայտնվում»,- նշեց նա։

Արման Թաթոյանը վստահեցնում է՝ Ադրբեջանի՝ թշնամական, հայատյաց վերաբերմունքը չի վերանալու.
«Դա նրանց մոտ պաշտոնները պահպանելու միջոց է։ Եթե իրենք հայի՝ որպես թշնամու կերպարը վերացնեն, դա իրենց քաղաքական վերջը կլինի։ Սա ևս ապացույցներով ցույց ենք տվել»,- նկատեց նա։ 

Նախկին ՄԻՊ-ը հիշեցրեց, որ թշնամին վերջին պատերազմում հրետակոծում էր նաև բնակավայրերը։ Նրա խոսքով՝ դա արվում էր այն վայրերից, որտեղ թշնամին հանցավոր ձևով էր ներխուժել։ 

«Երբ նրանք ներխուժել էին մեր տարածք, հիմքեր կային նրանց հեռացնելու։ Ես ամեն օր կոնկրետ փաստերով ցույց էի տալիս, թե ինչ է կատարվում, բայց անտեսվում էր այդ ամենը։ Միջազգային մեխանիզմները պատշաճ չօգտագործվեցին, բոլոր հիմքերը չներկայացվեցին»,- ասաց Թաթոյանը։ 

Հակառակը, Թաթոյանը հիշեցրեց, թե ինչպես էր պետական մակարդակով հերքվում այն ամենն, ինչ ինքը ներկայացնում էր։