Ինչի հետևանք է կորոնավիրուսային թվերի աճը․ պարզաբանում է մասնագետը

ՀՀ-ում թվերի նման աճը սպասելի էր։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսային թվերի աճին։
«Պետք է փաստենք, որ քովիդը դարձել է մեծ շրջանառություն ունեցող վարակներից մեկը, ինչպես շատ այլ վարակներ, պարզապես մի տարբերությամբ, որ քովիդը չունի սեզոնային վառ արտահայտվածություն. իր թվերի աճն այլ օրենքներով է կանոնակարգվում՝ մասնավորապես, ձևավորվում է կորոնավիրուսի տարածման համար բարենպաստ միջավայր:
Երկու գործոն կա, հիմնականում պատվաստումների կամ հիվանդանալ, առողջանալու հետևանքով թվերի անկումն է, ինչի մասին միշտ ասել ենք, երկրորդն էլ վիրուսի տեսակի փոփոխությունն է, որն ավելի հեշտությամբ է շրջանցում մեր պահպանիչ բարիերները և երրորդ գործոն կարող է լինել, բայց, իհարկե, ավելի փոքր՝ կապված արձակուրդային սեզոնի հետ․ մարդիկ են այլ երկիր գնում, ուրիշ երկրներից են այստեղ տուրիստներ գալիս, հետևաբար՝ արտառոց որևէ բան չկա կորոնավիրուսային թվերի աճի հետ կապված»,- ասաց Մելիք-Նուբարյանը։
Նա նշեց, որ իրականում վարակակիրների թվերն ավելի շատ են, քան հայտնաբերվում են․
«Կարևորը թեստավորումների և դրական արդյունքների հարաբերակցությունն է, այսինքն, վերցնենք այդ մեկ շաբաթվա տվյալները՝ այդ 965 նոր դեպքը հայտնաբերելու համար արվել է 6 հազար թեստավորում, այսինքն, դա 10%-ից շատ է, եթե այս հարաբերակցությունը 5 տոկոսից ավելի է, նշանակում է՝ հիվանդությունների մեծամասությունը չի հայտնաբերվել, սակայն այստեղ, ի տարբերություն, օրինակ, 2021 թվականի աշնան, իմ կարծիքով խնդիրը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ մենք չունենք թեստավորման ռեսուրս, այլ կապված է ավելի շատ նրա հետ, որ վարակի տեսակը փոխվել է և ներկայում այն, որպես այդպիսին, ավելի թեթև է, պարզապես մարդիկ չեն դիմում կամ շատ ծանր ընթացքի դեպքում են դիմում»,- ասաց Մելիք-Նուբարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6158 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3154685 է:
Փաստացի, այս պահին բուժվում է 1144 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 413901 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 547 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների ընդհանուր թիվը 8633 է:
Մերի Գևոգյան