Փաշինյանը չի նկատում Հարավային Կովկասում ստեղծված իրական ստատուս-քվոն

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը համաձայն այն ներկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։ Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ու ՔՊ-ական թիմը, կարծես, գտնվում են այլ քաղաքական միջավայրում՝ նրանք չեն ցանկանում նկատել Ադրբեջանի քայլերն ու հայտարարությունները:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք է պահանջում և այն պատրաստ է բացել ռազմական ճանապարհով ու վերջին ռազմական ագրեսիան ՀՀ տարածքի նկատմամբ դրա վառ ապացույցն է: Փաշինյանը խոսում է կոմունիկացիաները բացելու մասին, սակայն այդ հայտարարությունն այլևս ակտուալ չէ Բաքվի և Անկարայի համար՝ նրանք Զանգեզուրի միջանցի համար պատրաստ են նոր լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Փաշինյանի հայտարարությունները, ինչպես 2018թ.-ից նրա գրեթե բոլոր հայտարարությունները, կրկին մնալու են օդի մեջ կախված:
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով քննարկումներին, ապա դա ուղղակի աբսուրդ է, քանի որ Ալիևի համար ղարաբաղյան հարցն այլևս լուծված է: Ալիևն արդեն խոսում է Սյունիքը և Երևանը գրավելու մասին, այս ֆոնին ինչպե՞ս է պատկերացնում Փաշինյանն Ալիևի շփումները կամ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ:
ՔՊ-ականները հեռու են արցախյան հարցից և գեոպոլիտիկ վիճակը ճիշտ գնահատելուց: ՀՀ-ում միայն իշխանափոխությունը թույլ կտա փրկել հայոց պետականությունը ՔՊ-ի վարած քաղաքականությունից:
Վահրամ Բագրատյան