Լիբանանցիները սպասում են համարժեք պատասխանի, որն Իսրայելի համար ավելի ցավոտ պետք է լինի

Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ էր Լիբանանում։ Ավելի քան 2800 վիրավոր ու 9 մարդու կյանք արժեցավ Իսրայելի հերթական ահաբեկչությունը։
Բեյրութում ապրող լրագրող Փաթիլ Մկրտչյանը MediaHub-ին ասաց, որ փեյջերների պայթյունն իրականացվել է ճարտարագիտական բարձր համակարգերի օգտագործմամբ։
«Իսրայելն այս անգամ ներթափանցել է «Հըզբոլլահի» հաղորդակցության միջոցները, և նրանց ձեռքերի վրա պայթեցվել են փեյջեր կոչվող կապի անթել սարքերը։ Հիվանդանոցներում տեղ չկար, Կարմիր խաչն առանց վարանելու միացավ օգնելու վիրավորներին»,- ասաց Փաթիլը։
Լիբանանում երեկ գիշեր իսկական խուճապ էր։ Դեռ մի վերքը չսպիացած, ժողովուրդը բախվեց հերթական փորձությանը, որն այս անգամ իրականացվեց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Մահացածների թվում հավատարմություն և դիմադրություն երեսփոխանական բլոկի ղեկավարի որդին։ Ըստ առողջապահության նախարարի՝ զոհվածների մեջ նաև երեխաներ կան, սակայն, մոտ 3000 վիրավոր այս պահին բուժում է ստանում։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ լրագրողի՝ ահաբեկչությունից վիրավորներ են արձանագրվել նաև Սիրիայում։ Վիրավորվել են «Հըզբոլահի» պատասխանատուներն ու նրանց որդիները։
«Հակառակ այս ամենի՝ «Հըզբոլլահը» հայտարարեց, որ պետք է շարունակի թիկունք կանգնել Գազային, և որ տեղի ունեցած ահաբեկչությունը պետք է չազդի Գազայի հետ հարաբերություններին»։
Լիբանանը ցնցվել է կատարվածից։ Բեյրութում ապրող մեր հայրենակիցը վստահ է, որ «Հըզբոլլահի» պատասխանը չի ուշանա իսրայելցիներին, քանի որ վիրավորների թվում խմբավորման բարձրաստիճան ծառայողներ կան։
«Հիմա ամբողջ Լիբանանը սպասում է համարժեք պատասխանի, որն ավելի ցավոտ պետք է լինի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան