Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը․ Արա Ֆիդանյան

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «ՀՀ նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որոնց նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման և ստորագրության հնարավորության ստեղծումն է, ինչպես նաև աստիճանաբար հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը։

««ՀՀ նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի»,-ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականի փետրվարի 15-ից։

«Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիների կենսաչափական անձնագրերի տրամադրումը, մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումը ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինումը»,-ընդգծեց Ֆիդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։