Չի մեկնի. Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ կխուսափի Պուտինի հետ հանդիպելուց 

Չի մեկնի. Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ կխուսափի Պուտինի հետ հանդիպելուց 

Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հերթական գագաթնաժողովը։ Այն նախագահելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրան մասնակցելու նպատակով Մինսկ են ժամանելու անդամ-պետությունների ղեկավարները:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի և կմասնակցի այս գագաթնաժողովին՝ հաշվի առնելով, թե ինչ դիրքորոշում ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ինչ հայտարարություններ է հնչեցրել վերջին շրջանում։ MediaHub.am-ը հարցի պատասխանը փորձեց ստանալ Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, թեև պատասխանի բովանդակությունն ակնկալում էինք, և չսխալվեցինք.

«Տեղյակ չեմ։ Բայց մենք վարչապետի բոլոր պաշտոնական այցերի մասին ժամանակին տեղեկացնում ենք»,- ասաց Խաչատրյանը։ 

MediaHub.am-ի տեղեկություններով՝ այս անգամ էլ Փաշինյանը կխուսափի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց։ Հիշեցնենք, որ վերջին մի քանի հանդիպումներին, որոնց մասնակցում էր նաև ռուսական կողմը, Փաշինյանը չի գնացել։ Այս անգամ էլ, թերևս, այդ «ծանր բեռը» մնալու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուսերին։ 

Հիշեցնենք, 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացավ ՀԱՊԿ  գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել անդամ-պետությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Պուտինի գլխավորությամբ:

Նարե Գնունի