Մեր երեխեքը ողջ են, ապացույցներ կան, էդ ԴՆԹ-ն էլ ա սուտ․ անհետ կորածի հարազատ
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպումը, որը նախաձեռնել է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Անհետ կորած տղաներից մեկի հորեղբայրը՝ Էդիկ Արևշատյանը ներկայացրեց իրենց խնդիրը՝ նշելով, որ պետության կողմից ոչինչ չի արվում։
«Երեխեքի կարգավիճակի համար ոչինչ չի արվում։ Երեկ փաստացի տեսանք, որ Թուրքիայում ասաց՝ 33 գերի ունենք, բայց էս անհետ կորածների հետ կապված ոչինչ չի արվում, չի խոսվում։ Ինը ամիս է՝ որևէ հարթակում այս հարցը չի հնչում։ Էս Կառավարությունից էլ ոչ մի ակնկալիք չունենք, ոչինչ չի արվում»,- ասաց անհետ կորածի հարազատը։
Նա նկատեց՝ իրենք վստահ են, որ տղաները Բաքվում են, գերության մեջ, ուղղակի կարգավիճակ չունեն, անհետ կորած են համարվում։
«Ծնողներից ոչ ոք տանը թևերը ծալած չի նստում, իրենց կապերով ինֆորմացիա են ստանում։ Հասկանում ենք, որ մեր երեխաները ողջ են։ ԴՆԹ-ները, որ տալիս են, դա էլ է սուտ։ Մարդիկ կան, որ տեսանելի ցույց են տալիս, որ սուտ է։ Մենք որոնում ենք բոլորին, մեր համար բոլորը ողջ են, քանի որ ապացույցներ կան։ Ում դուռը թակում ենք, ասում են՝ աշխատում ենք։ Մենք խնդրում ենք, որ ձեր լիազորությունների սահմաններում դիմեք միջազգային կառույցներին, բարձրաձայնեք հարցը»,- նշեց Էդիկ Արևշատյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։