Եթե Թերեզան պահանջում է ձերբակալել Տիգրանին, մենք էլ՝ «ձենդ կտրի ու վեր ընգի տեղդ․․․ արցախցիները վրդովված են

Մինչ հայության մտածող հատվածը կանգնել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի կողքին, որը ոստիկանության Վանաձորի բաժնում ենթարկվել է կտտանքների ու խոշտանգումների, սոցիալական ցանցերում իշխանություններին հարող շրջանակներից կեղծ թեզեր են տարածվում, թե Տիգրանը կրիմինալ անցյալ ունի։ Խոսքը Թերեզա Ասատրյանի մասին է, ով իր նեղ լսարանին գրեթե ամեն օր արցախցիներին վերաբերող նյութերով է կիսվում, ատելություն սերմանում։
«Հազիվ էլի, ուրիշ այլ մարդու անուն չէի պատրաստվում լսել, քան Նիկոլական լսարանի փառքը վայելող, իրեն լրագրող համարող այդ տիկնոջ, որի մեջ եղած թույնը մի օր ներսից սպանելու է իրեն»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է լրագրող Նարինե Հայրապետյանը։
Ասում է՝ Թերեզան ոչ միայն կեղծ ու չճշտված լուրեր է տարածում Տիգրանի մասին, այլև հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, գրել է. «Պահանջում ենք ձերբակալել Տիգրան Ուլուբաբյանին և կատարել օբեկտիվ նախաքննություն։ Այլապես ստացվում է, ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Տ.Ու-ն փորձում է ճնշում գործադրել օրենքի և օրինապահների նկատմամբ։ Քննությամբ, եթե պարզվի, որ կատարել է հանցագործություն, ուրեմն՝ պատժել կրիմինալ անցյալով տղային․․․»։
«Հայաստանում երբ բողոքում ես այս կամ այն կառույցի բարձիթողի վիճակից, նույն զանգվածն այն կապում է նախկին ղեկավարության հետ։ Եթե Թերեզան պահանջում է ձերբակալել Տիգրանին մի բանի համար, որը նա չի արել, կամ գոնե դեռ ապացուցված չէ, ապա մենք էլ պահանջում ենք՝ «ձենդ կտրի ու վեր ընգի տեղդ»։ Տերերիդ պահանջը արդեն կատարել ես»,- վրդովվում է մեր զրուցակիցը:
Վերջին օրերին Տիգրանն իր կողքին զգացել է Հայաստանի ու Արցախի բազմաթիվ հայրենակիցների աջակցությունը, որոնք կանգնել են նրա կողքին ասելու՝ «դու մենակ չես»։ Սա վրդովվեցրել է արցախցիներին պարբերաբար թիրախավորող Թերեզային։ Լրագրողը կարծում է, որ այժմ Թերեզայի ձեռքով փորձում են հակառակ էֆեկտ ստեղծել.
«Ստիպված եմ հիասթափեցնել. արցախցիները ոչ միայն թքած ունեն Թերեզայի նմանների վրա, այլև բոլոր արցախատյաց մարդկանց վրա։ Ես Տիգրանի կողքին եմ, ու մենք բոլորս արդարություն ենք պահանջում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ այսօր Քննչական կոմիտեում պետք է տեղի ունենա Տիգրան Ուլուբաբյանի և նրան ենթադրաբար դաժան ծեծի ենթարկած ոստիկանների առերեսումը:
Հունան Թադևոսյան