Փաշինյանի քինախնդրությունը 

Փաշինյանի քինախնդրությունը 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշում է, որ «Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը»:

Ակնհայտ է, որ Թագուհի Թովմասյանին չի ներվում երկու հանգամանք:

Էպիզոդիկ առումով՝ դա Մարդու իրավունքների հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստն է, երբ, ի հեճուկս ՔՊ պատգամավորների խուլիգանական արարքների, նա թույլ տվեց ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթը:

Իսկ գլոբալ առումով՝ Փաշինյանը Թովմասյանին չի ներում, որ նա 44-օրյա պատերազմից հետո լքել է ՔՊ-ն՝ հանդես գալով արմատական ընդդիմադիր դիրքերից:

Կասկած չկա, որ ՔՊ-ն Թագուհի Թովմասյանի հարցում «աննախադեպ հաղթանակ» կտանի:
Բայց սա հաղթանակ է ժողովրդավարության, այլակարծության նկատմամբ: Ի դեպ, ՔՊ-ն երկու անընդմեջ գումարումների խորհրդարաններում դնում է Մարդու իրավունքների հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներին պաշտոնանկ անելու հարց:

Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի «աննախադեպ» ժողովրդավարության մասին:

Վահրամ Բագրատյան