Հրաժեշտ Մելոյին

Հրաժեշտ Մելոյին

Հայաստանի վարչապետի արդեն նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում, սխալված չեմ լինի ասել՝ նրա նշանակման հենց հաջորդ օրվանից։

Ավելի շատ «Երկրապահի Մելո» անունով հայտնի այս անձնավորությունը մարզպետ նշանակվեց պատահականորեն։ 44-օրյա պատերազմից, նվաստացուցիչ պարտությունից հետո քչերն էին ուզում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։ Կադրային սովի պայմաններում Փաշինյանին այլ բան չէր մնում, քան Մելոյի կարգի կրթական ցենզ ունեցող մարդկանց վրա հենվելը։

Ի սկզբանե պարզ էր, որ Մելիքսեթ Պողոսյանը չունի անհրաժեշտ մասնագիտական, կրթական որակներ ու չի տիրապետում իր աշխատանքին, չի վերահսկում վիճակը մարզում։ Նույնիսկ ՔՊ-ի նախընտրական արշավն այս մարզում տապալվեց։ Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտություն կրեց Կապանում, Գորիսում, Մեղրիում ու հաղթանակ կարողացավ տանել միայն Մելոյի ծննդավայրում՝ Տեղում։

Հենց ՏԻՄ ընտրություններում ՔՊ ֆիասկոն էլ պատճառ դարձավ, որպեսզի իշխանությունը վերջնականապես որոշի ազատվել Պողոսյանից, մանավանդ, որ Սյունիքի մարզպետն այս ընթացքում դարձել էր սկանդալային մի քանի պատմությունների «հերոս»։

Նրա որդին կրիմինալ մի պատմության մեջ էր հայտնվել, հետո պարզվեց, որ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմն է կեղծ ու այսպես շարունակ։

Սյունիքի մարզպետի պաշտոնի համար նոր մարդ Փաշինյանն այդպես էլ չգտավ։ Նրա ընտրությունը կանգ առավ իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի վրա, որն իր վերջին աշխատանքի բերումով հաճախ էր լինում մարզում ու ինչ-որ ծրագրեր էր համակարգում։

Սրանով էլ Ղուկասյանի կապը Սյունիքի հետ ավարտվում է, որովհետև նա ոչ ծնունդով, ոչ էլ աշխատանքային իր կենսագրությամբ այս մարզի հետ կապված չէ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են սյունեցիք վերաբերելու այն փաստին, որ վարչապետն իրենց մարզում «դրսից» է մարդ նշանակում։

Վահրամ Բագրատյան