Պապոյանի «թարս ապտակը» Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնական փակելու ուղղությամբ ինտենսիվ քայլեր են իրականացվում, իսկ այդ հարցով շահագրգիռ կողմերն ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, հայտարարել է Արցախի խորհրդարանը՝ վերահաստատելով հանձնառությունը՝ տեր կանգնելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։

Օրենսդիրներն առանց մանրամասների պատրաստակամություն են հայտնում շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։
Պատգամավորները հայտարարության մեջ պնդում են՝ Արցածի պետականության լուծարման մասին փաստաթուղթն հակասահմանադրական, է և ստորագրվել է Ադրբեջանի պարտադրանքով, վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը դրանով կանխել է՝ «խաղաղ բնակչության ցեղասպանությունը»:

Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը դեմ է իշխանությունը: Վարչապետ Փաշինյանի թիմակիցները պնդում են, թե դա ուղիղ սպառնալիք է երկրի անվտանգությանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կարծիքով՝ դա կարող է ռումբ դառնալ Հայաստանի դեմ:

«Գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն իրենք, լուծարեն Լեռնային Ղարաբաղի բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը լուծարեն ու գան Հայաստանի Հնարապետությունում Ազգային ժողով նիստ անե՞ն, սա ՀՀ դե՞մ է ռումբ», - ասել է նա։

«Եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելու», - ասում է Գևորգ Պապոյանը։
ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանի երեկվա հարցազրույցն ուղիղ բացահայտում է հայ- ադրբեջանական սպասվող պայմանագրի նվաստացուցիչ բնույթը: Պայթում է նաև իշխանամերձ շրջանակների տարածած միֆը, թե իբրև Բաքուն գտնվում է արևմտյան ուժեղ ճնշման տակ: Փաշինյանին պարտադրվող խաղաղության պայմանագրում Հայաստանը ֆունկցիոնալ առումով բովանդակություն չունեցող մի երկիր է լինելու:

Օրինակ, ի՞նչ է նշանակում «ռևանշ»:

Պապոյանը դա չի բացահայտում, մինչդեռ Բաքվում այդպիսին համարում են սպառազինություն ձեռք բերելը, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների մասին որևէ հիշատակումը:
Պատահական չէ, որ ՔՊ փոխնախագահն այդպիսին կտրուկ արձագանք է տալիս Արցախի խորհրդարանի նիստին, ըստ ամենայնի՝ Փաշինյանը պարտավորվել է, որ Հայաստանում պետք է լիկվիդացվեն Արցախի պետական ինստիտուտները:

Այստեղ հարցը բազմաշերտ է:

Իհարկե, պաշտոնական Երևանը չի կարող պետական ֆինանսավորում հատկացնել Արցախի ինստիտուտներին. դա իսկապես կարող է ընկալվել՝ որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնության անուղղակի դրսևորում, մյուս կողմից՝ արցախցիների իրավունքն է ինքնակազմակերպվել իր ինստիտուտների միջոցով՝ սեփական իրավունքները հետապնդելու, միջազգային կառույցներում իրենց շահերը պաշտպանելու, այդ թվում՝ հայրենիք վերադարձի հիմքեր ստեղծելու համար: