ՄԻԵԴ-ը ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիների խոշտանգման ռիսկեր չի տեսնում․ Սիրանուշ Սահակյան

ՀՀ տարածքում հայտնված երկու ադրբեջանցիների հարազատները ՄԻԵԴ էին դիմել, որպեսզի անհապաղ միջոցներ կիրառվեին, բայց որևէ միջոց չի կիրառվել, ինչը նշանակում է, որ դատարանը չի տեսնում նրանց խոշտանգման կամ նրանց նկատմամբ անմարդակային վերաբերմունքի ռիսկեր։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Հիմնավոր, փաստարկված տեղեկություններ են ներկայացվել, որ նրանք գտնվում են ապահով պայմաններում, նրանց նկատմամբ մարդասիրական իրավունքի կանոնները հարգված են, կարծում եմ՝ վճռորոշ նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ ձերբակալման վաղ փուլերում ապահովվել է հասանելիությունը Կարմիր խաչին, ինչը վատ վերաբերմունքի կանխման կարևոր երաշխիք է, մի բան որն Ադրբեջանը հայ զիծառայողների մասով չի ապահովել և ավելի ուշ փուլերում է Կարմիր խաչին հնարավորություն տվել տեսակցել և այն էլ ոչ ինտենսիվ հաճախականությամբ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Երեք օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել՝ ԱԱԾ-ին:
ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնել էր, որ ապիլի 12-ին ԶՊՄԿ-ի պահնորդին, ըստ ստացված ապացույցների, սպանել է ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը: Ադրբեջանցի զինծառայողները կալանավորվել են, նրանցից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։
Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։
Լիաննա Թորոսյան