Տրամաբանական է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի ետքաշումը․ Նիկոլ Փաշինյան

Տրամաբանական է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի ետքաշումը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: MediaHub-ն առանձնացրել է այդ հարցազրույցի որոշ հատվածներ։ 


- Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում: 

-Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռևս պատասխաններ չենք ստացել: Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: 

Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը: Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաև անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով: