«Ժողովուրդը հիասթափված է, բազմիցս հուսախաբ է եղել, կորցրել է հավատը». կհաջողի՞ պայքարը

«Ժողովուրդը հիասթափված է, բազմիցս հուսախաբ է եղել, կորցրել է հավատը». կհաջողի՞ պայքարը

Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք վաղուց արդեն դուրս են եկել Տավուշի սահմաններից. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը միանում են նոր անհատներ, քաղաքական ուժեր, շարժումներ իրենց լիիրավ մտահոգություններով։

Այս շարժումը, ըստ Բագրատ Սրբազանի, «ժողովրդական շարժում է»։ Տպավորություն է, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը: 

Կարո՞ղ է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի»  շարժումը դառնալ համաժողովրդական և բերել Փաշինյանի հրաժարականին. MediaHub-ի անկացրած հարցմանն այս հարցի շուրջ մի քանի ժամվա ընթացքում մասնակցել է 6000 մարդ, որոնք կիսվել են իրենց կարծիքներով, մտահոգություններով ու տեսակետներով։

Այդպես, հարցմանը մասնակցածների 52 %-ն ընտրել է «Այո» տարբերակը, մեկնաբանությունում նշելով, որ «միահամուռ պայքար է պետք», «դա ժողովրդական շարժում է, ուստի կունենա իր հաջողություն», «այս անգամ հաղթանակը մեր կողմից է լինելու»։

Դրական կարծիքի կողքին ունենք նաև հանրության բացասական պատասխանը՝ 36%-ը, որ արտահայտելով իրենց կարծիքը՝ քաղաքացիներով նշում են՝ «Ոչ, չի կարող, որովհետև ոչ թե Փաշինյանի դեմ խաղ չկա, այլ, ցավոք սրտի, այլընտրանք չկա, ժողովուրդը հիասթափված է, բազմիցս հուսախաբ է եղել, կորցրել է հավատը։ Հետևաբար Նիկոլը դեռ երկար կվայելի իր ճոճվող աթոռը», «քանի ՔՊ-ն կա դա հնարավոր չէ», «նրանց չի հաջողվի»։

«Անգամ Տավուշը չեն փրկի, ուր մնաց հրաժարական տա» տարբերակն ընտրել է հարցմանը մասնակցածների 3%-ը։

Հարցվածների 2%-ը կարծում է, որ «Փաշինյանի դիրքերն ամուր են», նաև թողել են մեկնաբանություն՝ «Հողի համար կռվեք, ոչ թե փողի, որ աթոռը դնելու տեղ ունենաք», ու հավելել են՝ «հեռացեք»։

Հարցվածների 7%-ն ընտրել է «Եթե համազգային միասնություն լինի» տարբերակը. ընթերցողների մտահոգությունը ոչ միայն  Տավուշի մասին է, այլ ամբողջ հայրենիքի և այն կորցնելու վախի։

Ի դեպ, մեր հարցումը ի հայտ բերեց մի ցավալի իրողություն ևս, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն շարժման մասին, թե ո՞վ է այն կազմակերպել ու ի՞նչ պահանջով։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության հավաքը։ Հանդիպումը սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աղոթքով։ Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք։ Սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ՝ «իրար ուտելով՝ երկիրը հանձնեցին»»։

Պայքարը շարունակվում է...

Վիկա Աբգարյան