Պատերազմում վիրավորված սպաները 200 հազարի փոխարեն կստանան 150 հազար դրամ․ փոփոխություն օրենքում
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը. օրակարգում 19 հարց է:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարան է բերել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Գործադիրի բերած նախագծով առաջարկվում է փոխել 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին հիմնադրամից հատկացվող գումարի չափը։ Օրինակ, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող սպաները, փոփոխությունների ընդունումից հետո, 200 հազար դրամի փոխարեն կստանան 150 հազար դրամ։ Գործող օրենքի համաձայն հիմնադրամի շահառուն կարող է լինել այն զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն։ Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում էր 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական վճարումները դադարեցվում են։
Ըստ փոխնախարարի՝ այս իրավիճակում են հայտնվել 114 շահառու, որոնց հաշմանդամության երկրորդ խումբը վերափորձաքննության արդյունքում փոխվել է երրորդի, ինչն էլ հարուցել է վերջիններիս դժգոհությունը։
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը չի կարողանում աջակցության ծրագրեր իրականացնել իր շահառուների համար։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքում եւ հիմնադրամից հաշմանդամություն ունեցող սպայական կազմի զինծառայողներին տրամադրել 75 հազար դրամ, պայմանագրային եւ զորահավաքային կազմի զինծառայողներին եւ կամավորականներին 50 հազար դրամ, պարտադիր ժամկետայիններին՝ 25 հազար դրամ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում