Կադրային «բարդակ»

Կադրային «բարդակ»

ԶԼՄ-ները գրում են, որ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը:

Ուշագրավ է, որ անկախ կառույց գլխավորած Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է դառնալ վարչապետին ենթակա մարմնի՝ Արտաքին հետախուզական ծառայության պետ: Կանոնադրության մեջ հստակ նշված է. «Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին»:

Սա խնդրի մի կողմն է, որը հիմնավորապես հաստատում է այն վարկածը, որ Քրիստիննե Գրիգորյանն իր որակներով չի համապատասխանել ՄԻՊ դառնալու չափանիշներին:

Սակայն սրանով փորձանքը չի ավարտվում, որովհետև հիմա էլ Քրիստիննե Գրիգորյանը կարող է նշանակվել մի պաշտոնում, որին չի ձգում մասնագիտական որակներով, «քաշային կատեգորիայով»:

Գրիգորյանի միակ «արժանիքն» այն է, որ նա Փաշինյանի մարդն է:

Իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Փաշինյանի հովանավորությամբ, ԱԳՆ-ն երեկ արդեն վերածել է «սեփական» գրասենյակի:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Կոստանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։

Մինչև այժմ Կոստանյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։

Սա այն էպատաժային երիտասարդն է, որի միակ «արժանիքը» Արարատ Միրզոյանի «ստվերի» ֆունկցիա կատարելն է, որի ընթացքում «հերոսաբար» խուսափել է զինծառայությունից:

Հայաստանում կադրային կատարյալ «բարդակ» է, որի հետևանքով ամբողջովին արժեզրկվում են պետական ինստիտուտները, պետական համակարգը կանգնում է կոլապսի առաջ:

Բայց դա «դուխովներին» չի հետաքրքրում, կարևորը՝ Փաշինյանի կադրային «ճաշակն» է:

Վահրամ Բագրատյան