Ադրբեջանի 2 հանցագործների ստացման գործընթացը՝ հայ գերիների վերադարձի նախապայմա՞ն

Ադրբեջանի 2 հանցագործների ստացման գործընթացը՝ հայ գերիների վերադարձի նախապայմա՞ն

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում որևէ տեղաշարժ չկա: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։  

Նրա խոսքով, նաև քաղաքական բանակցություններում տեղաշարժեր չկան.

«Ավելին՝ տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է սրանում և Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում, ոչ միայն սահմանամերձ հատվածներում՝ զենքի գործադրմամբ, այլ նաև սահմանակետերի տեղադրման միջոցով»,- ասաց նա։

Սահակյանը նշեց, որ սա հակասում է միջազգային իրավունքին և այս վատ հարաբերությունների պայմաններում հասկանալի է, որ Ադրբեջանը գերիների վերադարձ չի իրականացնի, գերիներն այնտեղ պահվել են որպես պատանդներ, որպեսզի հայկական կողմից քաղաքական պահանջների բավարարում ստանան։ 

Սահակյանը կարծիք հայտնեց, որ գուցե Հայաստանի սահմանը հատած և ձերբակալված երկու ադրբեջանցիների վերադարձի հարցը հնարավոր լինի օգտագործել մեր գերիների վերադարձի համար.

«Թերևս, Ադրբեջանը հետաքրքրված կլինի իր երկու հանցագործների ստացման գործընթացով, գուցե, նրանց փոխանակումը դառնա օրակարգային խնդիր, որի պայմաններում, որոշ թվով հայ ռազմագերիների հետ փոխանակումը գործնականորեն իրականանա»,-ընդգծեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Երեք օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել՝ ԱԱԾ-ին: 

Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ 

Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը։ 

Լիաննա Թորոսյան