Չենք հավակնում այդ տարածքներին և ճանաչում ենք ՀՀ ինքնիշխանությունը․ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ

Հայաստանը սխալ է մեկնաբանում այն, ինչ Բաքուն նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով։ Այս մասին հոկտեմբերի 4-ին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հարցերին։
«Ադրբեջանը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սա է Բաքվի դիրքորոշումը։ Այլ հարց է, թե ինչպես են ապահովելու միջանցքի անվտանգությունը։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ տեղաշարժի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։ Բայց հիմա, կարծես թե, Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը»,- ասել է Ամիրբեկովը՝ նշելով, որ Հայաստանի՝ միջանցքի ստեղծմանը մասնակցելուց հրաժարվելու դեպքում այն կարող է անցնել Իրանով։