Իմ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության. Արթուր Վանեցյան

Քաղաքական գործընթացներում առաջնորդը չի կարող լինել նշանակովի։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի ղեկավար ունի ի սկզբանե ստանձնած որոշակի առաջնորդություն։ Այն օրվանից, երբ ես դուրս եկա փողոց պայքարի, ասել եմ, որ իմ պայքարը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության համար է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ խոսելով նախորդ տարվա ապրիլին սկիզբ առած քաղաքական գործընթացների եւ առաջնորդների մասին։ 

«Ես նաեւ նշել էի, որ եթե համատեղ ուժերով կարողանանք հասնել մեր վերջնանպատակին՝ պատրաստ եմ զիջել իմ տեղը։ Ուստի, առաջնորդության հարցը՝ թե եկան, վերցրեցին՝ կեղծ օրակարգ է։ Բոլորս մեր գործն ենք արել, այո՛, ունեցել ենք սխալներ, ունեցել ենք նաեւ հաջողություններ»,-ասաց նա։ 

Ըստ Վանեցյանի՝ ապրիլյան բողոքի ակցիաները կանխել են Սյունիքի գլխին կախված վտանգը։

«Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս, որ մեր ժողովուրդը, պետությունը դիմադրելու ռեսուրս չունի։ Միջազգային բոլոր հանդիպումներին խեղճացած ու վախեցած խաղաղություն է մուրում եւ փորձում է բոլորիս համոզել, որ այլ տարբերակ չկա»,-նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է կարողացել փողոց դուրս եկած 20 հազար մարդը աշխարհաքաղաքական գործընթաց կանխել, Վանեցյանն արձագանքեց․ 

«Աշխարհը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն չի կարող հանդես գալ ՀՀ անունից։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանում կա մեծ զանգված, որը դեմ է նրա օրակարգին»,-ընդգծեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում