Պատմության այս օրը․ Հայկական դրամի նշան (լուսանկարներ)

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Եվ այսուհետ MediaHub.am-ն իր հետևորդներին է ներկայացնելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը։
1995 թվականի սեպտեմբերի 7- ին է ստեղծվել հայկական դրամի նշանը։ Մեր շարքի վեցերերոդ անդրադարձը դրամինն է, վերջինիս ստեղծմանն ու կարևորությանը։
Հայկական դրամի խորհրդանշանը (֏) ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։
Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։
Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն է Մեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալով հայկական տառերի առաջանալու մի վարկածի[1] հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։
Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։
Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝
- նշի ազգային արժույթը գրաֆիկայի միջոցով.
- կապված լինի հայկական տառերի հետ.
- ունենա արտարժույթներին բնորոշ տարրեր.
- հասարակ լինի հեշտությամբ պատկերելու համար.
- շատ պարզ լինի ճանաչելու համար։