Ժամանակակից մարդն ամենաշատն ունի հոգևոր կյանքի կարիքը․ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյան (ֆոտոշարք)

Ժամանակակից մարդն ամենաշատն ունի հոգևոր կյանքի կարիքը․ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Տեր Հուսիկ աբեղա Սմբատյան, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի  ուսումնական գծով փոխտեսուչ և գիտական քարտուղար.

«Այսօր մարդն ապրում է այնպիսի հասարակությունում, այնպիսի աշխարհընկալումների ու գաղափարախոսությունների մեջ, որոնք մերժում են հոգևորությունն ու հոգևոր կյանքը, այլ խոսքով՝ մերժում են մարդու հնարավորությունը հաղորդակցվելու բարձրագույն հոգևոր իրականությանը, ավելին, մերժում են հենց մարդու հոգևոր կոչումը, ով կոչված է ոգեշնչման, և, ինչպես Ավետարանն է ասում, ծնվելու Սբ. Հոգուց (Հովհ. 3:5-8):

Մենք սովորաբար ինչ-որ մեկի մասին խոսելիս նրան անվանում ենք խելացի կամ ոչ, բարի կամ չար և այլն, սակայն բոլորովին մոռանում ենք տեսնել ու ճանաչել այդ մարդու մեջ մի հատկություն, որը գերազանցում է մյուս բոլոր հատկանիշներին, այն է՝ հոգևոր կյանքի և Հոգու նկատմամբ բաց լինելը: Մոռանում ենք ոչ թե այն պատճառով, որ այն մեզանից առանձնահատուկ գիտելիք է պահանջում, որը մենք չունենք, այլ որովհետև այն  աշխարհզգացողությունը, որով ներթափանցված է արդի աշխարհը և որը մենք աննկատորեն շնչում ենք, մերժում և արհամարհում է հոգևորությունը: Սակայն այս մերժումն իր հերթին հանգեցնում է մարդկության խորը հոգևոր հիվանդության և հենց դա է ընկած այն անխուսափելի հոռետեսության, հուսալքության ու հուսախաբության, հոգեկան խանգարումների հիմքում, որի օրինակները բազմաթիվ են մեր շրջապատում:   

Դեռևս Լուսավորության դարաշրջանից բազմաթիվ մարդիկ փորձեցին հրաժարվել հոգևորությունից հանուն այսպես կոչված աշխարհիկ երջանկության: Նոր ժամանակների շատ փիլիսոփաներ ու մտավորականներ, հակադրվելով միջնադարյան հոգևորությանը, պնդում էին, թե մարդուն բավարար է միայն երկիրը և իրենց նպատակն է կառուցել երջանիկ կյանք երկրի վրա, իսկ մնացած բաները մարդուն հարկավոր չեն: Այս ժամանակաշրջանից սկսած հանուն երջանկության իրականացվեցին հեղափոխություններ, ազատագրվեցին ժողովուրդներ, ստեղծվեցին գիտական գաղափարախոսություններ, փորձեցին գիտականորեն սահմանել դեպի երջանկություն տանող ճանապարհը: Սակայն ինչպես մարդկության պատմությունն է ցույց տալիս, հոգևոր կյանքը մերժող և զուտ երկրային երջանկության հետևից վազող այդ փորձերը բոլորովին հակառակ արդյունք տվեցին, քանի որ գնալով ավելի շատացան պատերազմներն ու արհավիրքները, մարդկային զոհերն ու մարդկանց ճնշումները, դժվարություններն ու խոչընդոտները: Մարդու միջից հոգևոր բաղկացուցիչը բռնի կերպով դուրս մղող այդպիսի գաղափարախոսությունների արդյունքում է, որ հիմա մարդկությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների ու ճգնաժամերի առջև:

Ժամանակակից մարդը, ով առօրյա հոգսերով ու խնդիրներով է շրջապատված, ամենաշատն ունի հոգևոր կյանքի կարիքը․ այն լուսավորության ու երջանկության, այն հանգստության ու խաղաղության, այն ջերմության ու հավատի, որը տրվում է մարդուն հոգևոր կյանքի միջոցով: Մարդն Աստծո նկատմամբ չի կարող չեզոք լինել, կանգնած մնալ միևնույն տեղում: Նա կամ շարժվում է դեպի Աստված, կամ հեռանում է նրանից, այսինքն՝ հոգևոր կյանքի ճանապարհին կա՛մ առաջընթաց է ապրում, կա՛մ հետընթաց: Երբ մարդու կյանքը ներթափանցված է լինում աստվածային ներկայությամբ, ապա ժամանակը չի բավարարում նրան, նա մշտապես ուզում է ավելին անել և ավելի շատ բան հասցնել: Իր կյանքը մշտապես համապատասխանեցնելով քրիստոնեության բարոյական և հոգևոր իդեալներին՝ նա աստիճանաբար ուղղում է այն, դարձնում ավելի լավը՝ այդպիսով զարգացում ապրելով հոգևոր ճանապարհին»։