Պետք է իմ աշխատանքով նպաստեմ Արցախում էկոտուրիզմի զարգացմանը.  շրջափակումը փոխեց նաև Գևորգի կյանքը

Պետք է իմ աշխատանքով նպաստեմ Արցախում էկոտուրիզմի զարգացմանը.  շրջափակումը փոխեց նաև Գևորգի կյանքը

33-ամյա Գևորգ Ավանեսյանը, լինելով բավական երիտասարդ, արդեն իսկ հասցրել է մասնակցել Արցախյան երկու պատերազմներին:

Գևորգը Ապրիլյան պատերազմին մասնակցել է առաջին օրվանից մինչև վերջին օրը:
Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նա մեջքից և ոտքից վիրավորում է ստացել Մարտակերտի շրջանի Մալականներում և տեղափոխվել հոսպիտալ:

Համագյուղացիներն ասում են, որ երբ մի փոքր ցավերը հանդարտվում էին, անմիջապես ուզում էր վերադառնալ իր ռազմական ընկերների մոտ:

Բայց այնպես ստացվեց, որ մինչ օրս նա ամբողջությամբ չի ապաքինվել: 

Գևորգը իր ընտանիքի հետ ապրում և իր դուստրերին մեծացնում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում: 44-օրյա պատերազմից հետո նա հստակ որոշում է կայացրել, որ պետք է ամեն ջանք գործադրի, որ իր հայրենի գյուղը ծաղկում ապրի:

Նա որոշել է իրենց գյուղում զարգացնել էկոտուրիզմը ու սկսեց իր գաղափարը գործի վերածել:
Կառուցեց գողտրիկ մի անկյուն «Հարսնաքար վրանային համալիր» անունով, որի նախադեպը Արցախում դեռ չկա:

Առաջնայն խնդիրներից էր նաև աշխարհին ցույց տալ, որ արցախցին կա ու միշտ կապրի իր հայրենիքում:

«Իմ հիմնական նպատակը ոչ միայն եկամուտ ստանալն էր, այլ այն, որ իմ համագյուղացիները ևս կարողանան իրենց անարատ արտադրանքը այդտեղ իրացնել, իսկ Քոլատակ այցելաց զբոսաշրջիկները կարողանան վայելել ոչ միայն մեր անթերի բնությունը, այլև ճաշակեն մեր անարատ ուտելիքները: Տարածքի ներքևի հատվածում տարբեր ծառերից մրգերի այգի եմ հիմնել, բանջարաբոստանային մշակաբույսեր եմ աճեցրել: Շինարարության հիմնական մասը գրեթե ավարտվել է, մնացել է շատ փոքր մաս, բայց շրջափակման հետևանքով այն մնաց կիսատ:
Շրջափակման պատճառով կիսատ մնացին իմ բոլոր գաղափարները, որ ցանկանում էի կյանքի կոչել: Շինանյութ, վառելիք չկա, որ կարողանամ գոնե ավարտին հասցնել մեր ներքին տուրիզմի համար:

Ինչպես ամեն տեղ, մեզ մոտ էլ է շրջափակումը իր բացասական ազդեցությունը թողել, բայց, ի տարբերություն քաղաքաբնակ մեր հայրենակիցների, մենք ավելի հեշտ ենք հաղթահարում այդ դժվարությունները:

Սկզբնական շրջանում մենք գրեթե չէինք էլ զգում այդ դժվարությունները, քանզի հիմնականում պատրաստվել էինք ձմռանը: Մեզ համար ամենից բարդը վառելիքի բացակայությունն է, մեր կապը Ստեփանակերտի հետ գրեթե ընդհատվել է, ամբողջ վարուցանքի համար անհրաժեշտ է վառելիք:
Վերջ ի վերջո մեր ստեղծած բարիքները իրացնելու համար պետք է կարողանալ հասնել մայրաքաղաք:

Իմ հարազատ եղբայրը և քույրը իրենց ընտանիքներով ապրում են Ստեփանակերտում, ինձ համար հոգեբանորեն շատ դժվար է, երբ չեմ կարողանում իմ ստեղծած բարիքից իրենց էլ բաժին հասցնել:
Բայց հնարավորության դեպքում ձգտում եմ այնքան տրամադրել, որ գոնե մի փոքր ինձ հանգիստ զգամ: Հասարակական տրանսպորտով այդ ամենը գրեթե անհնարին է, հասկանում ես, որ մի փոքր երթուղային տաքսին սպասարկում է 3 գյուղ, և բոլորն էլ ցանկանում են իրենց ապրանքը տանել վաճառքի: Այստեղ տուժում է և՛ գյուղացին, և՛ քաղաքացին:

Մեր գյուղում մարդիկ միշտ էլ համախմբած են, այս ընթացքում էլ առավել քան երբևէ:  Այդ փոխօգնությունը ամրացել է ելնելով նաև այն հանգամանքից, որ պետք է կարողանանք մարդկային ռեսուրսներով գործը հասցնել ավարտին: Այսօր հնարավոր է մի քանի հոգով գնանք մեկի համար խոտ հնձենք, մյուս օրը ՝ մյուսի:

Չնայած մեր բոլոր չարչարանքներին, մենք մեր օրվա հացը կարողանալու ենք ստեղծել, ես ավելի շատ մտածում եմ մեր քաղաքում բնակվող հայրենակիցների համար, ովքեր գյուղում ոչ մի բարեկամ չունեն:

Այս փուլն էլ ենք հաղթահարելու, վստահ եմ, մենք այսպիսի դժվարություններ չէ, որ տեսել ենք: Արցախից այն կողմ մենք տեղ չունենք, ու ամեն գնով պայքարելու ենք մեր հայրենիքում մնալու և արժանապատիվ ապրելու համար:

Ես պետք է իմ աշխատանքով նպաստեմ Արցախում էկոտուրիզմի զարգացմանը»»,- MediaHub-ին ասում է նա:

Համագյուղացիները Գևորգի մասին մի փոքրիկ դրվագ պատմեցին, որը շատ ուրախալի էր: Շրջափակման այս ընթացքում Գևորգը առաջարկ է ստանում մի մարդուց, ով ցանկանում է գնել «Հարսնաքար վրանային համալիր»-ը:

Նա այնպիսի գումար է առաջարկում, որ Գևորգի համար շատ մեծ է, բայց, լսելով Գևորգի պատասխանը, զարմանում է:

Գևորգն ասում է, որ եթե ինքը հանկարծ վաճառի իր երազանքը, ապա գյուղի բնակիչներին կթվա, թե ինքը ուզում է լքել իր հայրենի ծննդավայրը, ու գյուղացիներից ոմանք էլ հնարավոր է,որ լքեն գյուղը:

Ու դա հանդիսանում է այն առաջին պայմանը, որի համար չի վաճառում:

Լսելով պատասխանը, այդ մարդը ասում է, որ Գևորգի նման տղաները Արցախում պետք է շատ լինեն, և առաջարկում իր օգնությունը՝ ցանկացած պահի այդ ծրագիրը վերջնական նպատակին հասցնելու համար: